Մարտի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ երկրի ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի ուժերին հանձնել են տեղական արտադրության 6 միավոր «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարք, որից երկուսը՝ հարվածային:
2'si silahlı 6 adet yerli üretim Bayraktar İHA'yı Elazığ'da Jandarma birliklerimize teslim ettik. Hayırlı olsun. pic.twitter.com/MmrWBaGe5v
— Savunma Bakanlığı (@tcsavunma) March 4, 2017
Ավելի վաղ՝ 2016 թ. սեպտեմբերին թուրքական նշված ԱԹՍ-ի հարվածային տարբերակը փորձարկել էին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները: Նշված անօդաչուներն օգտագործվել էին Թուրքիայի տարածքում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններում:
Դատելով նրանից, որ քրդերի դեմ պայքարում երկրի ներսում հիմնականում ներգրավված են հենց ժանդարմերիայի ստորաբաժանումները՝ ամենայն հավանականությամբ, այս նոր խմբաքանակը ևս նախատեսված է առավելապես հենց քրդական կառույցի դեմ գործողությունների համար:
İlk Milli Silahlı IHA Bayraktar geçtiğimiz hafta göreve başladı. Dualarınızı bekliyor. pic.twitter.com/OgymTPFw5b
— Selçuk Bayraktar (@Slck_byrktr) September 3, 2016
Անօդաչուի հետախուզական տարբերակները թուրքական զինուժի սպառազինությունը համալրել էին 2015 թվականից: Վերջիններս ակտիվորեն օգտագործվում են Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈւ գործողություններ ընթացքում:
Ինչ վերաբերում է հենց հարվածային տարբերակին՝ ապա «Բայրաքթար» ԱԹՍ-ն 2016 թ. դեկտեմբերի 17-ին ավարտել էր թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրության հակատանկային հրթիռների արձակման փորձարկումները:
Փորձարկումների ընթացքում անօդաչուն 5 հազար մետր բարձրությունից արձակել է 2 միավոր 37,5 կգ UMTAS հակատանկային հրթիռ և խոցել է 8 կմ հեռավորության վրա` գետնին տեղակայված 2×2 մ մակերեսով թիրախը:
UMTAS հրթիռն ուղղորդվում է լազերային ճառագայթով։ Հրթիռի խոցման առավելագույն հեռահարությունը հենց 8000 մետր է, նվազագույնը՝ 500, տրամաչափը՝ 160 մմ, երկարությունը՝ 1800 մմ, իսկ զանգվածը 37,5 կգ է։