Թուրքական կողմը հայտարարում է, որ իրենց աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման թյուրքմեն զինյալները շարունակում են գրոհել Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիջ քաղաքը և արդեն գրավել են հարակից մի քանի բնակավայր: Հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Քրդական ANF News գործակալությունը հայտնում է, որ հարձակմանը մասնակցում են նաև Թուրքիայի զինված ուժերը: Թուրքական կողմը ինքնագնաց հաուբիցներով հրետակոծում է Մանբիջի մոտակա բնակավայրերը:
Սակայն առայժմ թուրքակն ուժերը հեռու են Մանբիջ քաղաքից, որտեղ տեղակայված են ԱՄՆ աջակցությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման անդամները՝ քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (YPG) գլխավորությամբ: Նկարում պատկերված են նույն ուժերը՝ ԱՄՆ տրամադրած զրահապատ մեքենայի վրա:
#YPG with newly supplied #US HMMWV. #Syria #Manbij pic.twitter.com/79zzoBRbGW
— Aldin 🇧🇦 (@CT_operative) March 1, 2017
Ավելացնենք, որ թուրքական և քրդական ուժերի միջև ինտենսիվ բախումները սկսվեցին այն բանից հետո, երբ Թուրքիան կարողացավ «Իսլամական պետությունից» վերջնականապես գրավել Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը: Ներկայում Թուրքիան հավակնություներ է հայտնում ավելի տարածվել Սիրիայում, ինչի համար արդեն պետք է տարածքներ գրավի կամ քրդերից, կամ Սիրիայի կառավարակն ուժերից:
Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի հետ առկա համաձայնությունը, ինչպես նաև ներկա փուլում քրդական խնդրի առաջնայնությունը՝ Թուրքիան առայժմ սլաքներն ուղղել է դեպի քրդական տարածքներ: Սակայն այստեղ էլ խոչճընդոտող գործոններ կան, քանի որ այդ ուժերին ներկայում աջակցում է Միացյալ Նահանգները: