ՀԱՊԿ 3 զորամիավորումները կստանան ընդհանուր հրամանատարություն

ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների և գլխավոր շտաբների պետերի մասնակցությամբ դեկտեմբերին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ զինված ուժերի հզորացման հարցը։ Այդ մասին լրագրողներին հետ հանդիպմանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Կազմակերպությունը, ըստ ՀԱՊԿ ղեկավարի, այժմ նոր մակարդակում է, ինչը ռազմական համագործակցության ու որոշումների կայացման հարցերին որակապես նոր մոտեցում է պահանջում:

Ըստ այդմ՝ ՀԱՊԿ կազմում կարող է ձևավորվել ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբների պետերի հանձնաժողով, ինչը պիտի որոշվի դեկտեմբերի 19-ին կայանալիք նիստի ընթացքում:

Հաղորդվում է, որ հանձնաժողովը կարող է ղեկավարել ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը:

Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անդրադարձել է ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբների պետերի չորս խորհրդակցություններին, որոնց ընթացքում մի շարք առաջարկություններ են մշակվել. մասնավորապես՝ դիտարկվում է ՀԱՊԿ արդեն գոյություն ունեցող բոլոր ուժային բաղադրիչների միավորման տարբերակը:

Փաստորեն ենթադրվում է ՀԱՊԿ կազմում արդեն գոյություն ունեցող երեք զորամիավորումները միավորել՝ ձևավորելով ՀԱՊԿ հավաքական զորքեր։

Խոսքը ՀԱՊԿ հետևյալ զորամիավորումների մասին է.

  • Օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր (КСОР — Коллективные силы оперативного реагирования), որը ՀԱՊԿ-ի մոբիլ բաղադրիչն է
  • Արագ տեղակայման հավաքական ուժեր (КСБР — Коллективные силы быстрого развертывания)՝ Կենտրոնական Ասիայի թատերաբերում գործողությունների համար նախատեսված ՀԱՊԿ ուժեր)
  • ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր՝ նախատեսված են ՄԱԿ-ի և ՀԱՊԿ որոշմամբ խաղաղապահ գործողությունների իրականացման համար, առայժմ ձևավորման փուլում են:

Փոփոխությունների շնորհիվ պիտի ձևավորվի որոշումների ընդունման, մարտական պատրաստության, նյութատեխնիկական ապահովման միասնական համակարգ:

ՌԴ ՊՆ մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ՀԱՊԿ զորամիավորումների հիմքը ռուսաստանյան ուժերն են։ Բացի այդ ՀԱՊԿ մյուս անդամներից փոքր ինչ ավելի մեծ ներդրում ունի Ղազախստանը: Ներկայումս ՀԱՊԿ ղեկավարությունը նոր նախաձեռնություններով փորձում է կազմակերպությունում ներդնել իրապես գործող ռազմական մեխանիզմներ, որոնց առկայությունը թույլ կտա հակազդել արտաքին հնարավոր ագրեսիային:

Մյուս կողմից՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Անդրեյ Գրոզինի կարծիքով՝ սա ՀԱՊԿ անդամ-երկրների համար «ուղերձ» է, որպեսզի վերջիններս առավել զգուշությամբ աշխատեն ՆԱՏՕ երկրների հետ:

Աղբյուրներ՝ http://www.vedomosti.ru/politics/news/6096821/sila_kollektiva
http://www.gazeta.ru/politics/news/2012/11/15/n_2617517.shtml
http://vz.ru/news/2012/11/15/607252.html

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *