Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են ՄԱԿ-ում Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը

Ռուսաստանը և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելք (վետո) են դրել Սիրիայի կառավարության դեմ բանաձևի ընդունմանը: ԱԽ բանաձևում նշվում էր, որ «Սիրիայի իշխանությունները կարող են կապ ունենալ այդ երկրի տարածում քիմիական զենքի կիրառման հետ»: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փետրվարի 28-ին անցկացված քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի ԱԽ մշտական հինգ և ժամանակավոր 10 անդամները: Անդամներից 9-ը, այդ թվում՝ Արևմտյան բլոկի ներկայացուցիչները, կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը: Ռուսաստանի և Չինաստանի հետ դեմ քվեարկել է Բոլիվիան: Ղազախստանը, Եգիպտոսը և Էթովպիան ձեռնպահ են մնացել:

Բանաձևով նախատեսվում էր պատժամիջոցներ սահմանել Սիրիայի կառավարության, իշխանական շրջանակների 21 անդամների, կազմակերպությունների նկատմամբ՝ 2014-15 թթ. քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով:

Փաստաթուղթը նաև նախատեսում էր Սիրիայի բանակին ուղղաթիռների և համապատասխան մասերի վաճառքի արգելում: Սակայն, ինչպես հայտնի է, Ռուսաստանը ոչ միայն մատակարարում է, այլև ռազմածովային և ռազմաօդային բազաներ ունի Սիրիայի տարածքում:

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Ավելացնենք, որ 2011 թ. մինչ օրս 7-րդ բանաձևն է առաջ քաշվում ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի կառավարության դեմ, որին դեմ են քվեարկում Ռուսաստանը և Չինաստանը: Վերջին նման դեպքը եղել էր 2016 թ. դեկտեմբերին:

Հավելենք, որ մարտի 21-ին Ղազախստանում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համակարգմամբ նախատեսվում է անցկացնել Սիրիայի իշխանությունների և որոշ ընդդիմադիր զինյալ խմբավորումների միջև բանակցությունների հերթական փուլը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *