Ռուսաստանը պատրաստ է փակել Ղրղզստանում իր ռազմաբազան. ՌԴ նախագահ

Այսօր՝ փետրվարի 28-ին, Ղրղզստանի նախագահի հետ հանդիպում հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է փակել Ղրղզստանում իր ռազմաբազան, եթե ղրղզական կողմը այդ մասին ցանկություն հայտնի: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատանբաևը. լուսանկարը՝ ՌԴ նախագահականի:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատանբաևը. լուսանկարը՝ ՌԴ նախագահականի:

ՌԴ նախագահը մասնավորապես նշել է.

«Եթե Ղրղզստանը հայտարարի, որ մենք բավականաչափ ամրացրել ենք մեր զինված ուժերը, և մեզ այդպիսի բազա պետք չէ, մենք նույն օրն էլ կհեռանանք»:

Հանդիպման ընթացքում կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են Կենտրոնական Ասիայում թմրանյութերի ապօրինի շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցագործության և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներ:

Պուտինը նաև նշել է, որ Ղրղզստանում ռուսաստանյան զորախմբի մեծացման հարցը չի քննարկվել, սակայն եթե Ղրղզստանը անհրաժեշտ համարի, ապա ռուսաստանյան կողմը պատրաստ է նաև քննարկել այդ հարցը՝ հաշվի առնելով, որ դա Ռուսաստանի համար ևս լրացուցիչ ծախսեր է նախատեսում:

Նշենք նաև, որ նախորդ տարվա վերջում Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատանբաևը հայտարարել էր Ղրղզստանում ռուսաստանյան բազայից հրաժարվելու մտադրությունների մասին:

Հավելենք, որ ռազմաբազայի համար Մոսկվան Բիշքեքին ամեն տարի վճարում է ավելի քան 4,5 մլն ԱՄՆ դոլար։ 2011 թվականին Ղրղզստանը հայտարարեց, որ Ռուսաստանն արդեն 4 տարի չի վճարել տեղակայված ռազմաբազաների վարձը։ Միայն դրանից հետո ՌԴ ՊՆ-ն վճարեց 15,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պարտքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *