Թուրքիայում բանակցում են 2-րդ դեսանտային նավի կառուցման համար

Թուրքական Sedef Gemi İnşaatı Sanayii ընկերության ռազմական նավերի շինարարության գծով մենեջեր Սելիմ Բուգդանօղլուն հայտնել է, որ ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայի պաշտպանության նախարարության հետ` «Անադոլու» տեսակի դեսանտային 2-րդ նավի կառուցման համար: Փոխանցում է բրիտանական հեղինակավոր Jane’s պարբերականի կայքը:

Թուրքիայի նախագահը «Անադոլու» դեսանտային նավի շինրարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ:

Թուրքիայի նախագահը «Անադոլու» դեսանտային նավի շինրարական աշխատանքների մեկնարկի արարողության ժամանակ:

Նա նաև հայտնել է, որ մրցույթի  հայտարարումը նախատեսվում է իրականացնել «Անադոլու» տեսակի 1-ին նավի շահագործման հանձնելուց անմիջապես հետո, ինչը նախատեսված է 2019-ի հունվարին:

Բուգդանօղլուն հայտնել նաև, որ «Անադոլու» առաջին նավի շինարարական աշխատանքները սկսվել են դեռևս 2015-ի սեպտեմբերին՝  Sedef Gemi İnşaatı Sanayii A.Ş ընկերության Ստամբուլում գտնվող նավաշինարանում: Փոխանցում է ռուսաստանյան Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» (BMPD) բլոգը:

Ըստ նրա՝ աշխատանքները բավականին հաջող կերպով առաջ են ընթանում և հնարավոր է նավը շահագործման հանձնվի 2 տարի ավելի շուտ քան նախատեսվում էր:

Սակայն նշենք, որ նավի շինարարական աշխատանքների մեկնարկի պաշտոնական արարողությունը եղել է 2016-ի ապրիլին, որին ներկա է եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Արարողության ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ այդ «Անադոլուն» առաջին նավն է լինելու, որի վրա տեղակայվելու են ամերիկյան արտադրության F-35 կործանիչ-ռմբակոծիչներ:

«Անադոլու» նավը կառուցվում է իսպանական Navantia  նավաշինարակական ընկերության նախագծով և փաստացիորեն համարվում է Իսպանիայի ռազմածովային ուժերի համար կառուցված Juan Carlos I ունիվերսալ դեսանտային նավի կրկնօրինակը:

Sedef Gemi İnşaatı Sanayii A.Ş. ընկերության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության միջև կնքվել է 2016-ի մայիսին: Պայմանագրի արժեքը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 1,4 միլիարդ ամերիկյան դոլլար:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ 2018-ի ընթացքում Թուրքիան կստանա ամերիկյան արտադրության F-35A կործանիչ-ռմբակոծիչների առաջին խմբաքանակը:

Համաձայն աղբյուրի՝ Թուրքիան մինչև այժմ ընդհանուր առմամբ պատվիրել է 6 միավոր F-35A կործանիչ-ռմբակոծիչ, որից 2-ը Թուրքիա կառաքվի 2018-ին:Բացի այդ որոշում է ընդունվել առաջիկա 3 տարիների ընթացքում, տարեկան 8 միավոր, իսկ ընդհանուր առմամբ 24 միավոր  F-35A  կործանիչ-ռմբակոծիչ պատվիրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *