Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները վերադարձվել են ադրբեջանական կողմին. ՊԲ

Փետրվարի 27-ին՝ ժամը 17:00 սահմաններում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների դիակները չեզոք գոտուց վերադարձվել են ադրբեջանական կողմին: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դիակների տարհանման գործընթացին մասնակցել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները:

Ըստ հաղորդագրության՝ տարհանման գործընթացն իրականացվել է փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, այսինքն՝ այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

Նշենք, որ երեկ՝ փետրվարի 26-ին, ադրբեջանական դիակների տարհանման գործընթացը չի իրականացվել ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը: Այս մասին հայտնել է ՊԲ կայքը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր միջդիրքային գոտում մնացած իր սպանված զինծառայողների անունները: Միաժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել էր, թե իբր հայկական կողմը խախտել է պայմանավորվածությունը և թույլ չի տվել դիակները հանել միջդիրքային գոտուց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *