Թուրքիան հնարավոր է 3000-4000 զինծառայող ուղարկի Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման համար

Եթե Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրման հարցում համաձայնություն ձեռք բերեն, Թուրքիայի զինուժը քաղաքի ազատագրման գործողությանը կներգրավվի 3000-4000 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը՝ հղում անելով Թուրքիայի անվտանգության աղբյուրների վրա:

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ.

Քրդական ուժերը՝ Դեր Զոր — Ռաքքա ճանապարհին. 23.02.2017 թ.

Համաձայն աղբյուրի՝ Ռաքքան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից գրավելու համար Թուրքիան հատուկ անվտանգության խումբ է կազմելու: Այս առաջարկը ամերիկյան կողմին արդեն ներկայացվել է: Սակայն Թուրքիայի գլխավոր պահանջը այն է, որ Սիրիայի քրդական խմբավորումները («Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներից» (YPG), «Քրդական դեմոկրատական միության» (PYD)) չպետք է մասնակցեն այդ գործողություններին:

Նշենք, որ փետրվարի 9-ին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նորանշանակ տնօրեն Մայքլ Պոմպեոն առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա, հանդիպել է այդ երկրի նախագահին և ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղարին: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությանը վերբերող հարցեր:

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ալ-Բաբից հետո Թուրքիայի զինուժը Սիրիայում «Եփրատի վահան» գործողությունը կշարունակի Մանբիջի և ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ: Ավելի վաղ՝ սեպտեմբերի վերջին, Թուրքիայի նախագահը «Իսլամական պետության» կենտրոն Ռաքքա քաղաքը գրավելու գործողությանը մասնակցելու դիմաց ԱՄՆ-ից պահանջել էր գործողությունից դուրս թողնել Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG):

Թուրքիայի նախագահը վստահեցրել էր, որ Ռաքքայի գրավման գործողության համար լիովին բավական են տեղացի թուրքմենները։ Սակայն, նոյեմբերի 5-ին հիմնականում քրդերից, ինչպես նաև արաբական որոշ խմբավորւմներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը հայտարարել է  ԻՊ «մայրաքաղաք» Ռաքքան և հարակից տարածքները ազատագրելու «Եփրատի ցասում» գործողության մեկնարկի մասին։

ԱՄՆ-ն քրդական PYD-ն դիտում է իբրև Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում հիմնական դաշնակից, սրան հակառակ Թուրքիան Սիրիայի քրդական կազմակերպությունները համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևը, և որակում որպես «ահաբեկչական»: Այս պատճառով սրվել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, և Թուրքիան բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի ճգնաժամի հարցում ոչ թե իրենց դաշնակից Թուրքիային, այլ քրդերին աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *