ՀՀ-ում ՌԴ ռազմաբազան կարող է ստանալ ՄիԳ-35 կործանիչներ. Սպուտնիկ

Ռուսաստանում արտադրվող ՄիԳ-35 կործանիչները կարող են փոխարինել Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներին: Այս մասին ռուսաստանյան «Սպուտնիկ» լրատվակայքին հայտնել է ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Պետրովը:

«Վերջերս ցուցադրեցին ՄիԳ-35 ինքնաթիռի փորձնական նախագիծը: Չեմ թաքցնի, որ որոշ ժամանակ անց՝ մի քանի տարի հետո, ավիաբազան կարող է համալրվել ՄիԳ-35 ինքնաթիռներով, որոնք շուտով կարտադրվեն Ռուսաստանի Դաշնությունում», — Պետրովի խոսքերը փոխանցում է լրատվակայքը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության

Ներկայում ռազմաբազան համալրված է Ռուսաստանում արտադրված ՄիԳ-29 կործանիչներով, իսկ ՄիԳ-35 կործանիչները դրանց հետագա կատարելագործված տարբերակն են: Վերջինը, ըստ ռուսաստանյան աղբյուրների, իր նախորդից ավելի էժան է շահագործման տեսանկյունից:

ՄիԳ-35 ինքնաթիռները նախատեսված էր փորձարկումների համար Ռուսաստանի զինվորականներին հանձնել 2016-ի աշնանը: Արտադրող ընկերությունը մտադիր է կործանիչները զորքերին մատակարարել 2018 թվականից սկսած: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի զինված ուժերին մինչև 2020 թվականը մատակարարվելու է 30 միավոր միԳ-35 կործանիչ:

Ավելացնենք, որ ՄիԳ-29 կործանիչներից բացի, Հայաստանում՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի կազմում են նաև հարվածային Մի-24 և բեռնատար, բազմանպատակային Մի-17 ուղղաթիռներ: Ավիաբազան մտնում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի կազմի մեջ:

«Էրեբունի» օդանավակայանը համատեղ օգտագործում են Հայաստանի զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումները և Ռուսաստանի ռազմաբազայի ավիախումբը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *