ՀՀ նախագահը կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, որտեղ ի թիվս այլ միջոցառումների, կհանդիպի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարն իր հերթին տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է երկուշաբթի օրը՝ փետրվարի 27-ին:

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղություններից մեկը խաղաղապահ առաքելություններին մասնակցությունն է: Հայաստանի ԶՈւ խաղաղապահները ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների զորախմբերի կազմում մասնակցում են մասնավորապես Աֆղանստանի և Կոսովոյի առաքելություններին:

Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է նաև անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցով: Համագործակցություն է ընթանում նաև զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում:

Հայաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախորդ հանդիպումը եղել է 2016թ հուլիսին Վարշավայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ:

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը

Հայաստանի նախագահին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անցկացման վայրում դիմավորում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Լեհաստանի նախագահը (արխիվ)

Հուլիսի 9-ին նախագահ Սարգսյանը մասնակցել է նաև Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների հանդիպմանը, որի արդյունքում ընդունվել է հռչակագիր: Հռչակագրում մասնավորապես ասվում է, որ առաքելությանը մասնակցող երկրների անելիքները դեռ ավարտված չեն, և «Վճռական աջակցությունը» կշարունակվի նաև 2016-ից հետո, իսկ Աֆղանստանին ուղղվող ֆինանսավորումը կշարունակվի մինչև 2020 թվականը: Հանդիպման ընթացքում ընթացքում նախագահ Սարգսյանը ելույթ է ունեցել և մասնավորապես ասել է.

«Մենք վերահաստատել ենք մեր ներգրավումը մինչև 130 զինվորականներով «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում և պատրաստ ենք շարունակելու նաև 2016 թվականից հետո … Պատրաստակամություն ենք հայտնել նաև մասնակցելու ՆԱՏՕ-ի «Տևական գործընկերություն» առաքելությանը, երբ այն փոխարինի «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Այդ նպատակով Հայաստանը ներգրավված է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի քաղաքացիական ժամանակավոր ներկայության պլանավորման գործընթացին»:

Ավելացնենք, որ երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում Հայաստանի նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա նաև ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *