2017-ին ՌԴ ԶՈւ-ն ամբողջովին կվերազինվի «Իսկանդեր» համակարգերով

Ռուսաստանի զինված ուժերը 2017 թվականին ամբողջովին կզինվեն «Իսկանդեր» հրթիռային համակարգերով։ Միաժամանակ ընթացիկ տարում ռադիոտեղորոշման բոլոր կայանները անցնելու են մարտական հերթապահության։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Փետրվարի 22-ին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ Շոյգուի՝ մինչ այս  ՌԴ ԶՈւ ռադիոտեղորոշման կայանների մի մասը անցնում էր փորձնական մարտական հերթապահություն։

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովը հայտնել էր, որ զինված ուժերի հրթիռային ստորաբաժանումների 80 տոկոսը ապահովված է «Իսկանդեր-Մ» համալիրներով։ Այս տարի համալիրները կմատակարարվեն ևս 2 ստորաբաժանման։ Հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ 2016-ին Ռուսաստանը ՆԱՏՕ-ին հակազդելու նպատակով «Իսկանդեր-Մ» համակարգեր տեղակայեց Կալինինգրադի մարզում։

Ավելի վաղ՝ 2015-ի նոյեմբերին, ՌԴ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետի տեղակալ, գեներալ-մայոր Ալեկսանդր Դրագովալովսկին հայտարարել էր, որ մինչև 2018 թվականը Ռուսաստանի զինված ուժերը նախատեսում են իրենց բոլոր հրթիռային բրիգադներում «Տոչկա» և «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրները փոխարինելու են «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներով:

Նույնը նախատեսված է նաև Ռուսաստանի ՊՆ և համալիրներն արտադրող «НПК КБ Машиностроения» ընկերության պայմանավորվածությամբ: 2011-ին կնքված պայմանագրով մինչև 2016-ի վերջ Ռուսատսանի բանակին փոխանցվել է «Իսկանդեր» համալիրների 8 բրիգադ: Պայմանագրով նախատեսված է 10 բրիգադի ստացում, և վերջին երկուսը զինված ուժերը կստանան 2017-ին:

«Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ՕՄՀՀ) հրթիռները նախատեսված են մակերևույթին տեղակայված հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, հրթիռային ու հրետանային հեռահար համակարգերի ոչնչացման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *