2016 թվականին Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերում ռազմական օդաչուների պակասորդը կազմել է 1300 հոգի։ Պակասորդը կլրացվի 2018-ին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Փետրվարի 22-ին փոխանցում է ռուսաստան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Բացի այդ, ըստ Շոյգուի, 2015 թվականին պայմանավորված որակավորված մասնագետների պակասով՝ ծառայության են վերադարձվել ավելի վաղ աշխատանքից հեռացված շուրջ 15 000 զինծառայող։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի օդուժում օդաչուների պակասի մասին տեղեկություններ հայտնվեցին դեռևս 2015 թվականին, երբ հաճախակիացել էին ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռների ավիավթարները:
Այն ժամանակ նշվում էր, որ 5-6 տարի առաջ Ռուսաստանի ավիացիոն ստորաբաժանումներում կրճատումներ են եղել, կրճատվել է նաև ավիացիոն և ավիացիոն ինժեներական ուսումնարանների դիմորդների ընդունելությունը: Այս ամենը բերել է նրան, որ ռուսաստանյան զինված ուժերում խիստ նվազել է բարձրակարգ մասնագետների թիվը:
Այս խնդիրը սրվել է նաև ՌԴ զինված ուժերում ավիացիայի թռիչքների ավելացմամբ, ինչից հետո մասնագետների էլ ավելի մեծ պահանջ է զգացվել: Բացի այդ էլ զինված ուժերին մատակարարվում է ավելի մեծ ծավալի ավիացիոն տեխնիկա:
Գործակալության աղբյուրը նշել է, որ պաշտպանության նախարարությունն արդեն ավելացրել է համապատասխան ուսումնարաններ ընդունվող դիմորդների քանակը, սակայն այդ դիմորդները մասնագետներ կդառնան և զորքեր կուղարկվեն միայն 2018-ին: