Թուրքիայում քննարկում են Ռուսաստանից Ս-400 համալիրների գնման հարցը

Փետրվարի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը թուրքական NTV հեռուստաընկերությունով հայտարարել է, որ Թուրքիայում քննարկում է ռուսաստանյան Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցը, սակայն այս պահին դեռևս որևէ խոսք չկա համալիրների գնման պայմանագրի շուրջ: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

«Թուրքիան զենիթահրթիռային և ՀՕՊ համալիրների կարիք ունի: Այս պահին այդ հարցը լուծվում է ՆԱՏՕ-ի միջոցով: Սակայն Թուրքիան սեփական համակարգերի կարիքը ունի: Մեր հիմնական նպատակը սեփական ՀՕՊ միջոցներ ստեղծելն է և այս ուղղությամբ մի նախագիծ ենք սկսել, այդ ուղղությամբ տարբեր երկրների և ընկերությունների հետ ենք բանակցել: Այս պահի դրությամբ ամենամոտ տարբերակը Ռուսաստանի Ս-400 համալիրների գնումն է: Այս հարցի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում բավական առաջընթաց կա, սակայն անմիջապես վաղը պայմանագիր կնքելու մասին դեռևս խոսք չկա»,-ասել է Ֆիքրի Ըշըքը:

Անդրադառնալով այն հարցին, թե ԱՄՆ և ՆԱՏՕ-ն ինչպես կարձագանքեն Ռուսաստանից այդ համալիրների գնմանը՝ Ֆիքրի Ըշըքը նշեց, որ հույս ունի, որ ամերիկյան կողմը ըմբռնումով կմոտենա այդ հարցին, բացի այդ, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներում ևս օգտագործվում են ՆԱՏՕ-ին չպատակնող համալիրներ:

Նշենք, որ ավելի վաղ ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերնի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հաստարարել է, որ Մոսկվան և Անկարան բանակցություններ են վարում Թուրքիային Ս-400 համալիրների վաճառքի շուրջ: Հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փետրվարի 21-ին Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ևս հայտարարել է, որ Ս-400 համալիրների գնման հարցում Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունները դրական կերպով առաջ են ընթանում: Փոխանցում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Ավելացնենք, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել առավել մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, սակայն 2013 թ. մինչ օրս հայտարարված մրցույթը քանիցս հետաձգվել է: Տեղում թուրքական ընկերություններն առայժմ արտադրում և փորձարկում են ցածր հեռահարության համակարգեր:  Ռազմ.ինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։

Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերի 15-ին Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։

Հավելենք նաև, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող էին ճանաչել Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը:

Նշենք, որ ՀՕՊ Ս-400 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները նկատում է մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *