Հնդկաստանը նախատեսում է Ռուսաստանից ձեռք բերել 5 միավոր Ս-400 համալիր

Հնդկաստանը նախատեսում է Ռուսաստանից ձեռք բերել 5 միավոր Ս-400 համալիր։ Քննարկումների վերրնական փուլում գտնվող պայմանագրով համակարգերի համար Հնդկաստանը պետք է վճարի 5,8 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում է հնդկաստանյան The Economic Times պարբերականը:

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Առաջին փուլում Հնդկաստանը նախատեսում է գնել 2 միավոր Ս-400 համալիր: Լրացուցիչ գնման վերաբերյալ որոշումը կընդունվի համալիրների օգտագործման փորձի հիման վրա:

Բացի այդ, ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կոնցերնի միջազգային համագործակցության գծով տնօրեն Վիկտոր Կլադովը հայտնել է, որ երկու երկրների պայմանավորվածությունը այս փուլում մատակարարվող երկրին հետադարձ ներդրումների վերապահում (offset package) չի նախատեսում:

Ըստ Կլադովի, այս պայմանագրի դեպքում նման վերապահում չի նախատեսվում, դա ռազմավարական նախագիծ է, որը կարևոր է երկու երկրների համար: Նա նաև նշել է, որ եթե պայմանագիրը նախատեսի նաև հետադարձ ներդրումների վերապահում, ապա Հնդկաստանին Ս-400 համալիրների մատակարարումը կարող է երկարաձգվել 1-2 տարով:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել, որ նախնական հաշվարկներով պայմանագիրը կնքվելու է մինչև 2017 թվականի ավարտը:

Համալիրների գնման մտադրության մասին Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել էր դեռևս 2015 թվականի դեկտեմբերին: Երկրի ՊՆ պաշտպանական գնումների խորհուրդը որոշել էր Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար հատկացնելով 400 մլրդ ռուփի (մոտ 6 մլրդ ամերիկյան դոլար): Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-երի ձեռքբերման միջպետական համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի օգոստոսին:

Նշենք, որ այս պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանը կդառնա Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի երկրորդ արտասահմանյան պատվիրատուն՝ Չինաստանից հետո, որն այս համակարգերից պատվիրել է 2014-ի աշնանը և ստանալու է դրանք 2017 թվականից սկսած:

ՀՕՊ Ս-400 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները նկատում է մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *