Ռուսաստանը մեծ թվով Տ-90ՄՍ տանկեր կմատակարարի Մերձավոր Արևելքի երկրներից մեկին

Դեկտեմբերին Ռուսաստանը Տ-90ՄՍ տանկերի մատակարարման խոշոր պայմանագիր է կնքել Մերձավոր Արևելքի երկրներից մեկի հետ և պատրաստվում է մոտ ժամկետներում ևս մեկ պայմանագիր կնքել այլ պետության հետ: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Ռուսաստանյան արտադրության Տ-90ՄՍ տանկ

Նախարարը չի մանրամասնել, թե որ երկրի հետ է կնքվել պայմանագիրը: Նա նաև նշել է, որ տանկերը 2 տարի փորձարկվել են Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում:

Հավելենք, որ փետրվարի 21-ին «Ռոսօբորոնէքսպորտի» փոխտնօրեն Իգոր Սևաստյանովը IDEX-2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանը հակատանկային հրթիռների մատակարարման 700 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել: Սևաստյանովը մանրամասներ չի հայտնել պատվիատու երկրի, պայմանագրի իրականացման ժամկետների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Իր հերթին արաբական The National լրատվակայքը հայտնում է, որ պայմանագրի մյուս կողմը Արաբական Էմիրություններն է, ով շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի 5000 միավոր հակատանկային հրթիռ կգնի:

Նշենք, որ Ռուսաստանը այս պահին Տ-90 տանկեր վաճառքի շուրջ բանակցում է նաև Հնդկաստանի հետ: 2016-ի նոյեմբերին Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր Ռուսաստանից 464 միավոր Տ-90ՄՍ տանկ գնելու շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիրը։

Հավելենք, որ տանկերի առավել վաղ սերնդի Տ-90Ս տարբերակից առկա են նաև Ադրբեջանի զինված ուժերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *