Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող

Փետրվարի 21-ին Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ քաղաքում Թուրքիայի զինուժի ականազերծման և ինքաշեն պայթուցիկների մաքրման աշխատանքների ընթացքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, վիրավորվել է ևս 2 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Մահացած զինծառայողը Թուրքիայի ժանդարամերիայի ենթասպա Յավուզ Իշչանն է: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիային սահմանակից, Քիլիս նահանգի հիվանդանոցներից մեկը:

Թուրքական կողմի պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 24-ից մինչ օրս Սիրիայի տարածքում շարունակվող ռազմական գործողություններում սպանվել է Թուքրիայի ԶՈւ 68 զինծառայող: Սակայն ԻՊ հայտնած տվյալներով՝ Թուրքիայի ԶՈւ կորուստների թիվն անհամեմատ ավելի մեծ է:

Միևնույն ժամանակ, թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները հրետանիով հարվածել են Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման 109-ի թիրախի: Միևնույն ժամանակ Թուրքիայի օդուժը ևս  հարվածել է ԻՊ դիրքերին, «շարքից հանվել է» ԻՊ 15 զինյալ: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը նույնպես հարվածել է ԻՊ դիրքերին, «շարքից հանվել է» 29 զինյալ:

Նշենք, որ հիմնական կորուստները թուրքական զինուժը տվել է 2016 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից մինչև օրս շարունակվող Ալ-Բաբ քաղաքի գրավման գործողությունների ընթացքում: Ալ-Բաբը Սիրիայի հյուսիսում կարևոր ռազմավարական դիրք ունի: Թուրքիայի համար այն հատկապես կարևոր է քանի, որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև: Այդպիսով, Ալ-Բաբի գրավումով Թուրքիան կկարողանա խոչընդոտել քրդական ինքանավորությունների միավորման Սիրիայում:

2016-ի օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ «Եփրատի վահան» ռազմական գործողությունը իրականացնելու և իր սահմանը գրոհայիններից «մաքրելու» մասին: