Ամփոփվել են 2016-ին ՀՀ զինդատախազության կատարած աշխատանքները

Փետրվարի 14-ին ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփել են 2016թ-ին կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազը, պաշտպանության նախարարը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության կայքը:

[Ձախից] ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյան, ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյան

[Ձախից] ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, ՀՀ գլխավոր դատախազ Արտակ Դավթյան, ՀՀ զինվորական դատախազ Արտավազդ Հարությունյան

Խորհրդակցության ընթացքում ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանը ներկայացրել է 2016-ին զինված ուժերում օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, պետական շահերի պաշտպանության, զինծառայողների իրավունքների պաշտպանության և դատախազությանը վերապահված մյուս լիազորությունների իրականացման ոլորտներում կատարված աշխատանքները:

Անդրադառնալով 2016թ. ընթացքում զինված ուժերում արձանագրված մահվան ելքով դեպքերին՝ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ապահովել հատկապես համածառայակիցների կողմից կատարված սպանությունների, ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը, դրանցով պարտադիր քննության առարկա դարձնել նաև նշված դեպքերին նախորդած իրադարձությունները:

Անդրադառնալով բանակում պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտին` ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարականներ է տվել այդ ոլորտում դատախազական գործառույթներն ակտիվացնելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ զինվորական դատախազության աշխատակիցներին կատարված աշխատանքի համար և, ընդգծելով իր և պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի շահագրգռվածությունը բանակում արձանագրված հանցավոր երևույթների կանխման, խախտում թույլ տված անձանց անխուսափելի պատասխանավտության ապահովման հարցում, պատրաստակամություն է հայտնել այդ երևույթների դեմ պայքարում դատախազության հետ ջանքերի համատեղման հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *