Սիրիայում բախումներ են գրանցվել պրոթուրքական զինյալների և Սիրիայի բանակի միջև

Փետրվարի 9-10-ին Թուրքիայի աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները Ալ-Բաբ քաղաքից հարավ ընկած տարածքներում հարձակվել են սիրիական բանակի դիրքերին: Զուգահեռաբար այդ զինյալները և թուրքական զինուժը արագացրել են գործողությունները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքը «Իսլամական պետությունից» գրավելու համար:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, սիրիական Ալ-Բաբ քաղաքին միաժամանակ մոտեցել էին թուրքական զինուժը և Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ հիմնականում տեղի թյուրքական ժողովուրդներից, ինչպես նաև մյուս կողմից՝ Սիրիայի կառավարական ուժերը:

Այս հարցերի հետ կապված մեկնաբանություններ են տրամադրել արաբագետ Սարգիս Գրիգորյանը և թուրքագետ, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը:

Դեռ փետրվարի 9-ի առավոտյան թուրքական «Հաբեր-7» լրատվակայքը հայտնել էր, որ Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալներն անցել են Ալ-Բաբից հարավ՝ փորձելով թույլ չտալ, որպեսզի սիրիական բանակը մոտենա քաղաքին:

Մեկնաբանելով այս խնդիրը, ինչպես նաև անմիջապես թուրքական զինուժի և Սիրիայի բանակի բախման հավանականությունը՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ ամենայն հավանակնությամբ նման զարգացումներ չեն լինի, քանի որ գործողությունները որոշակիորեն համաձայնեցված են:

«…Համենայն դեպս այս փուլում կարելի ասել, որ բաժանարար գիծը անցնելու է Ալ-Բաբով, որովհետև մոտ 3 կմ են կառավարական ուժերը հեռու հարավում, իսկ բախումներն էլ  արդեն քաղաքում են  նկատվում՝ թուրքական զինուժի մասնակցությամբ: … ո ՛չ կառավարական ուժերի, ո ՛չ թուրքական ուժերի դիրքային փոփոխություններ չի լինելու անգամ եթե Ալ-Բաբը վերցնեն»: 

Արդեն փետրվարի 10-ին Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ նրանք արդեն Ալ-Բաբ քաղաքի տարածքում են մարտեր վարում:

Մինչ այդ, փետրվարի 8-ին, Թուրքիայի և ԱՄն նախագահները, համաձայն թուրքական կողմի տրամադրած տեղեկության, որոշակի համաձայնության էին հասել սիրիական Ալ-Բաբը և Ռաքքան իսլամիստներից համատեղ ջանքերով վերցնելու հարցում: Արաբագետ Սարգիս Գրիգրոյանը չի բացառում, որ թուրքերը Ալ-Բաբից հետո հենց Ռաքքայի ուղղությամբ կշարժվեն՝ ավելացնելով, որ դա նաև քրդերի դեմ է:

Սա նաև քրդերի դեմ է միանաշանակ, որովհետև գիտենք, որ քրդերն էլ են շարժվում Ռաքքայի ուղղությամբ հյուսիսից…: Բայց Ռաքքան էլ խնդրահարույց է լինելու, որովհետև եթե Ալ-Բաբում բնակչությունը մոտ 90000-70000 հազար էր, Ռաքքայում ավելի շատ են, այնպես, որ բավականին դժվար է լինելու թուրքական զինուժի համար, հաշվի առնելով այն, որ վերջին մի քանի ամիսը նրանք պաշարել էին և չէին կարողանում  նույնիսկ Ալ-Բաբը վերցնել…:

Քրդական ուժերը Ռաքքյի ուղղությամբ շարժվում են հենց ամերիկյան կողմի աջակցությամբ: Իսկ Թուրքիան չի դադարում ԱՄՆ-ից պահանջել, որպեսզի վերջինս դադարեցնի աջակցությունը քրդերին: Ալ-Բաբի գրավումը ևս ուղղված է քրդերի դեմ, քանի որ այդպիսով քրդական ուժերը զրկվում են իրենց վերահսկողության տակ գտնվող երկու տարածքները միավորելու հնարավորությունից: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը կարծում է, որ քրդերին այդ հնարավորությունից զրկելը որոշակիորեն բխում է նաև Սիրիայի շահերից:

«Չեմ բացառում բախումները սիրիական ու թուրքական զորքերի միջև, ամեն դեպքում չեմ կարծում թե մասշտաբային բախում տեղի կունենա: Այստեղ մեծ դեր է վերապահված հենց Ռուսաստանը, որը պետք է կարգավորի հարցը, որպեսզի կողմերի միջև բախում տեղի չունենա:

Գիտենք, որ Ասադն էլ և Թուրքիան էլ լավ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի հետ և կարծում եմ, որ 2 կողմին էլ ձեռնտու կլինի այս պարագայում հենց Ալ-Բաբի մոտ սահմանային գիծ գծել, որպեսզի այնտեղ միջանցք չմնա, որով Սիրիայի քրդերը կկարողանան շարունակել իրենց առաջխաղացումը դեպի արևմուտք…»

Էրդողանի և Թրամփի հեռախոսազրույցից հետո՝ փետրվարի 9-ին մի շարք հարցեր, այդ թվում՝ սիրիական խնդիրը քննարկելու համար Թուրքիա էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նորանշանակ տնօրեն Մայքլ Պոմպեոն:

Անդրադառնալով այս հարցերին՝ Հայկ Գաբրիելյանը նշում է, որ Թուրքիան ցանկանում է մի կողմից խորանալ Սիրիայի տարածքում և ամրապնդել իր դիրքերը, մյուս կողմից՝ ԱՄՆ-ին ցույց տալ, որ Սիրիայում ցամաքային հաջող գործողություններ հենց թուրքերը կարող են անցկացնել, ոչ միայն քրդերը:

«Թուրքիան ամեն կերպ ցանկանալով  իր ներդրումը ունենալ Ռաքքայի այսպես ասած ազատագրման մեջ, ցանկանում է նաև սրանով իր խոսքի իրավունքի մասը ձեռք բերել հետպատերազմյան Սիրիայում, որպեսզի նա հայտնվի հաղթողների մեջ, իր ներդրումը ունեցած կարգավիճակով և հետևաբար իր խոսքի իրավունք ունենա, ինչը շատ կարևոր է Թուրքիայի համար»:

Թուրքագետը չի բացառում, որ Ռաքքայի հարձակումից հետո Թուրքիան կփորձի շարժվել հենց անմիջապես քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ: Այստեղ պետք է ավելացնել, որ Թուրքիան արդեն մի քանի ամիս է, ինչ չի կարողանում գրավել իր տարածքին մի քանի անգամ ավելի մոտ տեղակայված և անհամեմատ ավելի քիչ բնակեցված Ալ-Բաբը: Այս համատեքստում դեռևս հնարավոր չէ խոսել, թե ինչպես կընթանան ԻՊ «մայրաքաղաքի» դեմ հնարավոր գործողությունները և ընթանալու դեպքում ինչքան ժամանակ կխլեն թուրքերից:

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Թուրքիայի աջակցությամբ գործող զինյալները՝ Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում. 02/10/2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *