Թուրքիայի ժանդարմերիայից հեռացվել է մոտ 900 զինծառայող

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության պայմաններում երկրի ղեկավարությունը ընդունել է ևս մեկ օրենքի ուժ ունեցող հրամանագիր, որի համաձայն երկրի տարբեր գերատեսչական կառույցներից հեռացվել է  4646 մարդ: Հրամանագիրը հրապարկվել է փետրվարի 7-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (T. C. Resmi Gazete):

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Համաձայն հրամանագրի՝ Թուրքիայի Ներքին գործերի նախարարության ժանդարմերիայի հրամանատարությունից հեռացվել է 893 զինծառայող, այդ թվում կապիտաններ, մայորներ, լեյտենանտներ, իսկ առափնյա անվտանգության հրամանատարությունից՝ 3 զինծառայող:

Բացի այդ ՆԳՆ-ից հեռացվել է նաև 49 քաղաքացիական աշխատող: Եվս 417 աշխատակից հեռացվել է ՆԳՆ անվտանգության գլխավոր տնօրինությունից (ոստիկանություն): Թուրքիայի արտգործնախարարությունից էլ հեռացվել է 48 աշխատակից:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 28-ին երկրի ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարությունները արդեն Թուրքիայի ԶՈւ ԳՇ ենթակայության տակից հանվել և դրվել են ներքին գործերի նախարարության վերահսկողության ներքո:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-19-ին Թուրքիայում եղել է ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ:

Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև այժմ երկրի զինված ուժերի հեռացվել է շուրջ 22,085 մարդ, որից 16,409-ը ռազմական դպրոցների կուրսանտներն են:

One response to “Թուրքիայի ժանդարմերիայից հեռացվել է մոտ 900 զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *