ՌԴ ԶՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը վերադառնալու է կայանման վայր

Փետրվարի 9-ին Ռուսաստանի ԶՈւ Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավը ՌԴ ռազմածովային ուժերի նավերի խմբի կազմում Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելուց հետո կվերադառնա նավատորմի հիմնական կայանման վայր: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչները «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա:

«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը Հյուսիսային նավատորմի «Պյոտր Վելիկի» ատոմային հածանավի, մի քանի այլ նավերի հետ Միջերկրական ծովում մարտական հերթապահություն է իրականացնում 2016-ի նոյեմբերից:

Ավիակրի վրա հերթապահություն իրականացնելու ընթացքում ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի ավիացիայի օդաչուները կատարել են շուրջ 420 մարտական թռիչք, որոնց ընթացքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 1200 թիրախ:

Փետրվարի 6-ին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասմիովը հայտարարել է, որ փետրվարի 3-ին տեղակայման վայր են վերադարձել ավիակրի վրա հերթապահություն իրականացրած Սու-33 կործանիչները,  ՄիԳ-29/ԿՈւԲ կործանիչները, Կա–52Կ, Կա-27, Կա-29 ուղղաթիռները:

Նշենք, որ մարտական հերթապահության ընթացքում ՌԴ ԶՈւ-ն կորցրել է 2 ինքնաթիռ: Դեկտեմբերի 3-ին վայրէջքի ընթացքում կործանվել էր ՌԴ ԶՈւ Սու-33 կործանիչ, իսկ նոյեմբերի 14-ին «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել է ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ: Վթարների հետևանքով կորուստներ չեն եղել, օդաչուները փրկվել են:

Նշենք, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Որպես կանոն, ընդհանուր առմամբ ավիակրի վրա հերթապահություն է իրականացնում 20 ինքնաթիռ և 17 ուղղաթիռ, թեպետ այս թվերը կարող են լինել փոփոխական։ Շուրջ 2650 հոգանոց անձնակազմից 620-ը բաժին են ընկնում օդաչուներին և թռիչքները սպասարկող անձնակազմին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *