Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Աստանայում բանակցում են Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ

Փետրվարի 6-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Նախնական տեղեկություններով՝ կողմերը հիմնական քայլերը համաձայնեցրել են, սակայն անհամաձայնություններ ևս կան: Այս մասին հայտնում են ռուսաստանյան «ՏԱՍՍ» և «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունները:

Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ բանակցություններին ներգրավված են նաև Հորդանանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ: Նախնական տվյալներով՝ կողմերն «անհամաձայնություններ ունեն միայն ձևակերպումների հարցում»: Սակայն առայժմ մանրամասները չեն ներկայացվում:

Կողմերը քննարկելու են ոչ միայն հրադադարի պահպանման մեխանիզմները, այլև՝ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալների խնդիրը մյուս ընդդիմադիր զինյալներից առանձնացնելու հարցը: Խնդիրն այն է, որ մասնավորապես Սիրիայի Իդլիբ նահանգում կենտրոնացած են բազմաթիվ խմբավորումներ, որոնց մի մասը, այդ թվում՝ Ան-Նուսրան, համարվում են ահաբեկչական, իսկ մյուս մասը՝ «ընդդիմադիր» խմբավորներ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-24-ին Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ:

Սակայն բացի այս քայլը, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել:

One response to “Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը Աստանայում բանակցում են Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *