Գերմանիան հրաժարվել է Թուրքիային տրամադրել իր հետախուզական ինքնաթիռներից ստացած տեղեկությունները

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Թուրքիայի զինուժին տրամադրել այդ երկրի հարավային Ադանա նահանգի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ Tornado հետախուզական ինքնաթիռներից ստացված տեղեկությունները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Գերմանիայի ՌՕՈւ Tornado ինքնաթիռը

Գերմանիայի ՌՕՈւ Tornado ինքնաթիռը

Գերմանայի խորհրդարանի պատգամավորները մտահոգված են, որ հետախուզական տվյալները Թուրքիայի փոխանցելու դեպքում, թուրքական կողմը կարող է այն օգտարգործել ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, այլ նաև ինքնավարություն ձգտող քրդական ուժերի դեմ գործողություններում:

Հունվարի 31-ին գերմանական Der Spiegel պարբերականը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները գերմանական կողմին Tornado հետախուզական ինքնաթիռներին անմիջական հասանելություն ունենալու պահանջ են ներկայացրել:

Reuters-ը հայտնում է, որ թուրքական կողմը հետախուզական տվյալները պահանջել է «Ինջիրլիք» ավիաբազայում ներդրումներ և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Գերմանիային թույլտվություն տալու դիմաց:

Թուրքիայի «Հյուրիեթ Դեյլ Նյուզ» պարբերականը իր հերթին հայտնել է, որ Թուրքիային հետախուզական տվյալների տրամադրման դեպքում դրանք կարող են հասանելի դառնալ նաև Ռուսաստանի զինուժին, քանի որ երկու երկրների օդուժը վերջին շրջանում համատեղ գործողություններ է իրականացնում Սիրիայի ԻՊ դեմ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թուրքիա այցելության նախօրեին առաջացած այս խնդիիրը կարող է էլ ավելի լարել ՆԱՏՕ-ի երկու դաշնակից պետությունների առանց այդ էլ լարված հարաբերությունները: Նշենք, որ Անգելա Մերկելը Թուրքիա է այցելել փետրվարի 2-ին, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Հանդիպումներում հիմնականում քննարկվել են Սիրիայի ճգնաժամին և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 10-ին Գերմանիայի խորհրդարանը հաստատել է ևս մեկ տարով՝ մինչև 2017-ի վերջ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թուրքիայում տեղակայված գերմանական զինուժի մասնակցության վերաբերյալ մանդատը երկարաձգելու և ընդլայնելու որոշումը:

Ինջիրլիք ռազմաբազա

Ինջիրլիք ռազմաբազա

Համաձայն մանդատի՝ ԻՊ դեմ պայքարելու համար ընդգրկված են Գերմանիայի ԶՈւ 1200 զինվորական, 6 Tornado հետախուզական ինքնաթիռ, նաև մեկ տրանսպորտա-լիցքավորող ինքնաթիռ, որոնք տեղակայված են «Ինջիրլիք» ավիաբազայում:

One response to “Գերմանիան հրաժարվել է Թուրքիային տրամադրել իր հետախուզական ինքնաթիռներից ստացած տեղեկությունները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 29 հունվար – 4 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *