2016-ին Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 5,5 մլրդ դրամ

2016թ. ապրիլի 4-ից մինչև 2017թ. հունվարի 1-ը 7903 ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 5,48 մլրդ ՀՀ դրամ (այդ թվում՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ, 5 մլն ԱՄՆ դոլար, 180 հզր եվրո և 62 մլն ՌԴ ռուբլի): Այս մասին հայտնում է Արցախի կառավարության կայքը:

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին ուղարկված գումարներից և արտաբյուջետային հաշվից պաշտպանական ծախսերին ուղղված գումարները

Արցախի կառավարության հատուկ հաշվեհամարին ուղարկված գումարներից և արտաբյուջետային հաշվից պաշտպանական ծախսերին ուղղված գումարները

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ հավաքագրված գումարներից և կառավարության արտաբյուջետային հաշվից կատարվել են 6 մլրդ դրամի տարբեր նշանակության ծախսեր, այդ թվում.

  • Փոխանցում Պաշտպանության բանակին՝ 1.359.862.200 ՀՀ դրամ: Այդ միջոցները տնօրինել է Պաշտպանության բանակը՝ ըստ իր կարիքների և առաջնահերթությունների:
  • Ռազմական նշանակության տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 1.458.724.500 ՀՀ դրամ: Առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված այդպիսի սարքավորումները բարձրացրել են դիրքերի պաշտպանունակության մակարդակը, ինչպես նաև՝ հակառակորդի տեղաշարժի վերահսկման հնարավորությունները:
  • Ինժեներական աշխատանքների կատարում՝ 1.144.556.400 ՀՀ դրամ: Այս աշխատանքները ներառել են և՛ առաջնագծի, և՛ թիկունքային ինժեներական ամրությունների կառուցում և բարեկարգում:
  • ՊԲ կարիքների համար ենթակառուցվածքների, տրանսպորտի ու կապի ծառայությունների և կապիտալ ծախսերի իրականացում՝ 1.012.035.600 ՀՀ դրամ: Այս ծախսերի միջոցով բարելավվել են առաջնագծին սպասարկող ենթակառուցվածքները, և արդիականացվել են կապի միջոցները:
  • Զորակոչված քաղաքացիներին և կամավորականներին դրամական աջակցության տրամադրում՝ 1.028.476.400 ՀՀ դրամ: Ֆինանսական աջակցություն է տրվել Արցախի գրանցում ունեցող այն կամավորներին, ովքեր կա՛մ գործազուրկ / ինքնազբաղված էին և որոշակի եկամուտ են կորցրել կամավորության ընթացքում, կա՛մ հաստատագրված գումարի չափից ավելի ցածր աշխատավարձ էին ստանում: (Ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի կառավարությունն առաջնագծում անցկացրած ամեն օրվա համար կամավորականներին վճարում էր 5000-ական դրամ):

Ընդհանուր առմամբ, ծախսվել է հատուկ հաշվեհամարում հավաքագրված միջոցներից շուրջ 520 մլն դրամ ավելի գումար, որն ուղղվել է կառավարության արտաբյուջետային հաշվից:

Բացի կառավարության հատուկ հաշվեհամարում հավաքագրված գումարներով կատարված աշխատանքներից, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձինք ևս առանձին աջակցություն են ցուցաբերել հատկապես տեխնիկական միջոցների, մեքենաների և անհրաժեշտ այլ պարագաների տրամադրման տեսքով: Իսկ ինժեներական աշխատանքների զգալի մասը կատարել են շինարարական մասնավոր ընկերությունները՝ կառավարության կողմից իրենց ծախսերի մասնակի փոխհատուցմամբ:

Նշենք, որ հանգանակությունը բաց է, և ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ կատարել այստեղ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի կառավարությունը հաստատվել է 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այս որոշումներով նախատեսվում է Պաշտպանության բանակի առաջնագծի դիրքերի կահավորմանը և հողային աշխատանքների իրականացմանը ուղղել լրացուցիչ 1,5 մլրդ դրամ:

2016-ի առաջին կեսին Պաշտպանության բանակի առաջնագծում կատարված աշխատանքներն օգոստոսին ներկայացվել են ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների Արցախ այցի ընթացքում: Այցին մասնակցել է նաև Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Հորադիսից մինչև Թալիշ մի քանի դիրքեր ենք այցելել. հենակետերում տեղադրվում են տեսահսկման համակարգեր (ներառյալ գիշերային մշտադիտարկման), դիրքապահների մոտ ավելացվում է գիշերային նշանոցների թիվը», — հայտնել է Վրթանեսյանը։

Մյուս փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Հորադիսի դիրքեր ջրատար է անցկացվում։

Հորադիսի դիրքեր ջրատար է անցկացվում (արխիվ, 2016 օգոստոս)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *