Իրանը բալիստիկ հրթիռ է փորձարկել` խախտելով ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը. FoxNews

Հունվարի 29-ին Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է փորձարկել։ Հրթիռը պայթել է 966կմ անցնելուց հետո։ Այս մասին տեղեկացնում է FoxNews  լրատվակայքը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչներին։

Ըստ լրատվակայքի ՝ հրթիռի փորձարկումը խախտում է ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը, որը 8 տարով  Իրանին արգելում է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հրթիռներ փորձարկել։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Հարցի առնչությամբ ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում կանցկացնի։ Հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։

ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևն ընդունվել է Իրանի և «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո: Համաձայն բանաձևի Իրանը պարտավոր է  հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ծրագրից:

Նշենք, որ դեռ 2016-ին Իրանը բալիստիկ հրթիռների մի քանի փորձարկում է իրականացրել, մասնավորապես մարտին և մայիսին, հուլիսին։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց  օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Իսկ մինչ այդ՝ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ԱՄՆ սենատի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները 10 տարով երկարաձգելու մասին որոշման ընդունումից շուրջ մեկ շաբաթ անց, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն հայտարարեց, որ Իրանը զարգացնում է բալիստիկ հրթիռների արտադրությունը։