Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է

Հունվարի 29-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: 

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիային սահմանակից, Գազիանթեփ և Քիլիս նահանգների հիվանադանոցներ:

Հունվարի 30-ին Թուրքիայի օդուժը հարվածել է Սիրիայում ԻՊ դիրքերին, ինչի արդյունքում ոչնչացվել է ԻՊ զինյալների 23 թիրախ, այդ թվում 1 զենքի պահեստ և 2 պաշտպանական դիրք: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինուժը «շարքից հանել է» ԻՊ 20 զինյալ:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ԻՊ զինյալները պայթուցիկով լի մեքենայով հարձակվել են Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված թուրքական ստորաբաժանումների վրա: Նախնական տվյալներով թուրքական կողմը տվել է 5 սպանված և 9 վիրավոր:

Թուրքական կայքի տվյալներով՝ 2016 թ. օգոստոսի 24-ից մինչ օրս թուրքական զինուժը Սիրիայում կորցրել է 56 զինծառայող:

Ավելացնենք, որ օգոստոսի 24-ին ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:

Գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Արդեն մի քանի ամիս է, ինչ Թուրքիայի զինուժը փորձում է գրավել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրը, որը կարևոր ռազմավարական դիրք ունի Սիրիայի հյուսիսում: Թուրքիայի համար այս բնակավայրի գրավումը հատկապես կարևոր է, քանի որ Ալ-Բաբը փակում է ճանապարահը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև ճանապարհը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *