Ադրբեջանում մինչև 20 տարի ազատազրկման են դատապարտել «Նարդարանի գործով» կալանավորվածներին

Հունվարի 25-ին Ադրբեջանում ավարտվել է «Նարդարանի գործով» կալանավորված անձանցից մի քանիսի դատական գործընթացը, նրանք դատապարտվել են 10-ից մինչև 20 տարի ազատազրկման: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Նարդարանում ոստիկանության և հավատացյալների միջև բախումներ. 2015 թ. նոյեմբեր

Նարդարանում ոստիկանության և հավատացյալների միջև բախումներ. 2015 թ. նոյեմբեր

Մինչ այս Նարդարանը համարվում էր Բաքվի իշխանություններից անկախ ապրող համայնք, որի ինքնիշխանությունը բռնի ուժով ճնշվեց 2015-ի նոյեմբերին: Բախումների ժամանակ սպանվել էր 5 տեղացի և 2 հատուկջոկատային ոստիկան, ձերբակալվել էր մոտ 90 հոգի:

Հունվարի 25-ին դատարանի ընդունած որոշման համաձայն՝ կալանավորվածներից «Մուսուլմանական միասնություն» հավատացյալների միավորման ղեկավար Թալեհ Բաղիրզադեն և «Նարդարանի գործով» մեկ այլ մեղադրյալ Աբբաս Հուսեյնովը դատապարտվել են 20 տարի ազատազրկման:

Ռազմինֆոյի հետ զրույցում, անդրադառնալով «Նարդարանի գործով» ձերբակալվածների մեղադրանքների իրական լինելուն, իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշեց.

«Մեղադրանքներն իրական չեն, քանի որ ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները ցանկանում էին հրապարակից հեռացնել բոլոր այն ակտիվ անձանց, ովքեր կարող էին որոշակի եղանակ փոխել Ադրբեջանի որոշակի շրջաններում»:

Ըստ իրանագետի՝ այս համատեքստում ակնհայտ է, որ ակտիվ քաղաքական գործիչներին մեկուսացնելը կամ ապակտիվացնելը քաղաքական որոշում է:

Բացի նարդարանցիներից, Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլին դատապարտվել է 10 տարի ազատազրկման: Բացի այդ, ևս 13 հոգի ազատազրկվել է 10-ից մինչև 20 տարի ազատազրկման:

Անդրադառնալով Ֆուադ Գահրամանլիի ձերբակալությանը և դատապարտվելուն՝ Արտյոմ Տոնոյանը նշեց, որ որևէ կասկած չկա, որ նրա ազատազրկումը ևս քաղաքական որոշում է, այսինքն Ադրբեջանում ցանկացած մեկին, ով կարող է փողոց հանել նույնիսկ 100 հոգի, հեռացնում են շատ արագ քաղաքական դաշտից, կամ ընդհանարպես հասարակական ակտիվության ոլորտից, քանի որ հայտնի օրենք է շղթայական ռեակցիայի օրենքը. կարող է 100 հոգուց սկսել, ընդգրկել ամբողջ երկիրը:

«Այս համատեքստում Ադրբեջանում միանշանակ շատ արագ ապաակտիվացնում կամ մեկուսացնում ու  հեռացնում են [ակտիվ քաղաքական գործիչներին]: Նույնը սահմանադրական բարեփոխումների ժամանակ մարզադաշտերից տանում էին սովորական ցույցերի մասնակցող քաղաքացիների, այն դեպքում, որ նույնիսկ հավաքվածների քանակը իրականում շատ փոքր էր: Բայց ամեն դեպքում շատ վախենում են Ադրբեջանում այդ շղթայական ռեակցիայի օրենքից և ամեն կերպ մեկուսացնում են ցանկացած ակտիվ քաղաքացու, որոշակի քաղաքական հայացքներ և հասարակական ակտիվություն ունեցող անձանց», — նշեց Տոնոյանը:

Միևնույն ժամանակ, ըստ իրանագետի՝ կասկածելի է այն, որ այս համատեքստում Ադրբեջանի ընդդիմադիր դաշտի որոշ գործիչների չեն ձերբակալվել: Տոնոյանը նշեց, որ որոշ քաղաքական գործիչների քաղաքական դաշտում թողնելը, մասնավորապես «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահին՝ Ալի Քարիմովին քաղաքական դաշտում թողնելը կասկածելի է:

Դեռևս 2015-ի բախումների ժամանակ նարդարանցիների բռնաճնշումների վերաբերյալ հայտարարություններ է արել իրանական կողմը: Խոսելով «Նարդարանի գործով» ձերբակալված անձանց երկարաժամկետ ազատազրկման վերաբերյալ իրանական կողմի արձագանքի մասին Տոնոյանը նշեց.

«Առայժմ, համամատաբար պասիվ են իրանցիները: Թե նախկին դեսպանը, թե ներկայիս դեսպանը հանդիպումներ ունեցել են դատական մարմինների ղեկավարների հետ, արտաքին գործերի նախարարության մակարդակում էլ միջնորդել են, բայց Ալիևը շատ համառ է մնացել իր որոշման մեջ: Իհարկե ապագայում ևս կլինեն որոշակի դիրքորոշումների արտահայտումներ իրանական կողմից, բայց այս պահին, համենայն դեպս, շատ ավելի նվազ են արտահայտված»:

Ազատազրկված անձինք հիմնականում մեղադրվում են դիտավորյալ սպանության և սպանության փորձի, ահաբեկչության, զանգվածային անկարգություններ հրահրելու և իրականացնելու, զենքի, զինամթերքի, պայթուցիկ իրերի և սարքերի անօրինական ձեռքբերման, կրոնական ատելություն սերմանելու, իշխանությունը բռնի ուժով գրավելու փորձի համար:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողություն իրականացրին Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում, որի ընթացքում սպանվեց 5 նարդարանցի և 2 ոստիկան։ Ներկայումս նույն գործով կալանավորված է 87 անձ, ընդ որում՝ ոչ միայն Նարդարանից։

Նշենք, որ Նարդարանը  մինչև 2015-ի դեպքերը համարվում էր «պետություն պետության մեջ», որից ոստիկանները գերադասում էին հեռու մնալ, իսկ ադրբեջանական դրոշի փոխարեն այնտեղ պարսկերեն և արաբերեն գրություններով կրոնական պաստառներ էին ծածանվում։ Ադրբեջանի անկախացումից ի վեր երկրի իշխանությունը մի քանի անգամ բախումների է գնացել նարդարանցիների հետ, սակայն միայն 2015 թ. նոյեմբերին Բաքվին հաջողվեց «գրավել» ավանը։ Այսօր՝ մեկ տարի անց, Նարդարանում արդեն գործում է ոստիկանության բաժանմունք, որի հրամանատարը գնդապետ է։ Նարդարանի դեպքերի մասին առավել մանրամասն այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *