Իրանն իր աշխարհազորայիններին չի հանելու Սիրիայից. Իրանի ԱԳՆ

Իրանը չի քննարկելու Սիրիայի ընդդիմադիրների պահանջները և իր աշխարահազորայինների ստորաբաժանումները դուրս չի բերելու Սիրիայից։ Այս մասին հունվարի 25-ին  ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ջաբարի Անսարին:

 Հունվարի 24-ին՝ Աստանայի բանակցությունների վերջին օրը, Սիրիայի ընդդիմադիրների պատվիրակության ղեկավար Մոհամմադ Ալլուշը հայտարարել էր, որ Սիրիայում Իրանի որևէ դերակատարում չեն ընդունելու, իսկ պատվիրակության ներկայացուցիչ Ուսամա Աբու Զեյդը պահանջել էր Սիրիայից դուրս բերել բոլոր օտարերկյա ռազմական կազմավորումները՝ այդ թվում իրանականները:

«Մենք չենք քննարկելու և չենք պատասխանելու այս հայտարարություններին, նրանք խնդրին մոտենում են ոչ օբյեկտիվորեն և անիրատեսական լուծումներ են առաջարկում: Մենք փորձում ենք մեր ուժերի չափով մեր գործընկերների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ վերջ դնել այս դժբախտությանը և Սիրիայի կյանքում նոր փուլ սկսել»- ասել է Անսարին։

Նշենք, որ Իրանը ժխտում է Սիրիայում իր մարտական ստորաբաժանումների առկայությունը՝ հայտարարելով, որ այնտեղ զոհվող իրանցիները կամավորներ են, և Իրանը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ: Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայի պատերազմի ողջ ընթացքում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Իսկ 2014 թվականից Իրանը Սիրիայում կորցրել է 10 գեներալ։

Նշենք, որ հունվարի 23-24-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվել է սիրիական ճգնաժամի լուծման բանակցություններ, որոնց մասնակցել են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի պատվիրակությունները, ինչպես նաև Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան: Բանակցություններին ներգրավվել են նաև Սիրիայի կառավարությունը և զինյալ խմբավորումների մի մասը:

Բանակցությունների արդյունքում որոշվել է որպես Սիրիայում զինադադարի պահպանման երաշխիք ստեղծել վերահսկողության եռակողմ մեխանիզմ՝ օպերատիվ խումբ, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի գլխավորությամբ: Նախատեսվում է, որ երկրները հետևողական են լինելու, որպեսզի կողմերը չխախտեն կրակի դադարեցման պայմանավորվածությունը կամ դրանք հասցնել նվազագույնի: Անհրաժեշտության դեպքում օպերատիվ խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել նաև Սիրիայի զինված ուժերի և զինված ընդդիմության ներկայացուցիչներ:

Բանակցությունները կշարունակվեն Ժնևում, փետրվարի 8-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *