Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը

Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը առաջիկա 2-3 օրերին  կսկսեն Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրման գործողությունը: Այս մասին հունվարի 24-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Իրաքի կառավարական բանակը ամբողջությամբ ազատագրել է Մոսուլի արևելյան հատվածը, այնուհետև, սակայն, արաբական Al Jazeera լրատվական գործակալությունը տեղեկացրեց, որ  Իրաքի պաշտպանության նախարարությունը  հերքել է այս լուրը՝ հայտարարելով, որ դեռ մարտեր են ընթանում  Մոսուլի արևելքում ԻՊ վերջին հենակետ հանդիսացող  Ալ Ռաշիդիայի շրջանում:

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ

Իրադրությունը Մոսուլում 2017-ի հունվարի 17-ի դրությամբ

Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերը հիմնականում կազմված են շիա աշխարհազորայիներից: Ձևավորվել է 2014 թվականին, այժմ Իրաքի ԶՈւ մաս են կազմում:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Իրաքի կառավարական բանակը ազատագրել է Մոսուլի արևելյան հատվածի 90 տոկոսը: Ինչից հետո Իրաքի կառավարական բանակի հակաահաբեկչական ստորաբաժանման ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Աբդուլղանի ալ-Ասադին հայտարարեց, որ Մոսուլի արևելյան հատվածի ամբողջական ազատագրումից հետո կառավարական բանակը ձեռնամուխ կլինի քաղաքի արևմտյան հատվածի ազատագրմանը:

Դեկտեմբերի վերջին Իրաքի կառավարական բանակն անցել էր Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլին՝ խոշոր հարձակում իրականացնելով ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Ավելի ուշ` հունվարի 8-ին, Իրաքի բանակը հասավ Տիգրիս գետին: Հունվարի 15-ին երկու օր տևած մարտերից հետո Իրաքի կառավարական բանակը ամբողջովին ազատագրեց  Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

Նշենք նաև, որ 2016 թվականին ԻՊ-ն կորցրել է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների 23 տոկոսը:

One response to “Իրաքի ԶՈւ-ն պատրաստվում է Մոսուլի արևմուտքի ազատագրման գործողությանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *