Ադրբեջանը նոր սպառազինություն գնելու համար բանակցում է Ռուսաստանի հետ. Ալիև

Հունվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինության գնման համար, հետաքրքրված է ռուսաստանյան արտադրության պաշտպանական տեխնոլոգիաներով»:

Ռուսաստանյան գործակալությունը փոխանցում է Ալիևի հայտարարությունը, որտեղ նա մասնավորապես նշում է, որ խոսքը վերաբերում է ՌԴ արտադրության ուղղաթիռներին, պաշտպանական համակարգերին, ինչպես նաև այլ սպառազինության:

Ադրբեջանին փոխանցված Տ-90 տանկերը։

Ադրբեջանի՝ Ռուսաստանից գնած Տ-90Ս տանկերը

Ալիևը նաև նշել է, որ «մինչ օրս կողմերը ստորագրել են 5 մլրդ դոլարի պայմանագրեր, որոնց մեծ մասն արդեն իրականացվել է»:

Ալիևի հայտարարությունից հետևում է, որ կողմերի միջև դեռևս որևէ պայմանավորվածություն չկա, ընթանում են բանակցություններ:

Այստեղ հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանը հայտարարել է նաև Պակիստանից սպառազինություն գնելու մտադրության մասին, սակայն հետագայում որևէ գործարքի մասին տեղեկություն չի հրապարակվել: Նույն կերպ ադրբեջանական աղբյուրները լուրեր են տարածում, որ Ադրբեջանն մտադիր է Իսրայելից գնել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգեր, և այս դեպքում նույնպես հստակ պայմանավորվածությունների մասին խոսք չկա:

Նշենք, որ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարը հենց Ռուսաստանն է: 2011 թ. ստորագրված ամենախոշոր պայմանագրով (մոտ 1,3 մլրդ դոլար) Ադրբեջանը մասնավորապես գնել է.

  • Տ-90Ս տանկեր
  • ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաներ
  • «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից
  • «Վենա» ինքնագնաց / ականանետ
  • «Սմերչ» ՀԿՌՀ
  • «Սոլնցեպյոկ» ծանր հրանետ
  • 2Բ24/2Բ11 ականանետներ

Սրանից բացի, այլ պայմանագրերով Ադրբեջանը Ռուսաստանից գնել է նաև Ս-300ՊՄՈւ-2 համակարգեր, ուղղաթիռներ, պայմանավորվել է սեփական տարածքում Կալաշնիկովի ավտոմատներ արտադրելու մասին և այլն:

Վերջին տարիներին ռազմական ոլորտում Ադրբեջանին զենք մատակարարող խոշոր երկրից է նաև Իսրայելը: Ադրբեջանի նախագահն ավելի վաղ նշել էր նաև այս երկրից 5 մլրդ դոլարի սպառազինություն գնելու պայմանագրերի մասին, սակայն բաց աղբյուրներում նման ծավալի գնումների մասին խոսք չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *