Թուրքիան ու Ռուսաստանը առաջին համատեղ գործողությունն են իրականացրել Սիրիայում

Հունվարի 18-ի երեկոյան թուրքական կողմը հայտնել է, որ առաջին անգամ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թուրքական զինուժի հետ համագործակցությամբ ավիահարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալության կայքը:

Առավել վաղ համատեղ գործողությունների մասին տեղեկություններ էր տրամադրել ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Նա մասնավորապես նշել էր, որ գործողությունները համաձայնեցված են եղել Սիրիայի կառավարության հետ և թվարկել ներգրավված տեխնիկան՝

Ռուսաստանի ԶՈւ 9 հարվածային ինքնաթիռ, այդ թվում՝ 4 միավոր Սու-24Մ կործանիչ-ռմբակոծիչ, 4 Սու-25 գրոհիչ, ինչպես նաև մեկ միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչ: Թուրքիայի ներգրավվել են 4 միավոր F-16 կործանիչ, ևս 4 միավոր F-4 կործանիչ-ռմբակոծիչ:

Ավելացնենք, որ հունվարի 18-ին թուրքական կողմը հայտնել է, որ նույն օրը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում ԻՊ դիրքերին հարվածել են նաև ԱՄՆ գլխավորած օդուժի ինքնաթիռները: Այդ թվում ներգրավվել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օդուժը:

Անդրադառնալով Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությանը՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը Razm.info-ի հետ զրույցում նշեց, որ դա նոր երևույթ չէ, նոր կարող են լինել միայն հենց համատեղ ռազմական գործողությունները, սակայն փոխգործակցություն մինչ այս էլ կար:

«Ամերիկյան օդուժն է նաև Ալ-Բաբի շրջանում «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին ներգրավվել, բայց թուրքական կողմից հայտարարություններ եղան, որ դրանք այսպես կոչված «աչք փակելու» քայլեր են, ու Միացյալ Նահանգներն էական քայլեր չի ձեռնարկում: Այս առումով Թուրքիայի համար առաջնահերթ է դառնում, որպեսզի լուրջ գործընկեր ունենա, իսկ տվյալ պարագայում դա դիտվում է Ռուսաստանը»:

Թուրքագետն անդրադարձավ նաև ԱՄՆ օդուժի գործողություններին, ինչպես նաև այն խնդրին, թե կարո՞ղ է արդյոք ստեղծված իրավիճակը հանգեցնել նրան, որ ամերիկյան կողմը դադարի աջակցել Սիրիայի քրդերրին, քանի որ ներկա դրությամբ դա երկու երկրների միջև առկա հիմնական հակասությունն է:

«Որոշակիորեն Միացյալ Նահանգերը փորձում է «ընդառաջել» Թուրքիայի պահանջներին, բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ն չի կարող հրաժարվել Սիրիայում քրդական ուժերից, որովհետև «Իսլամական պետության» դեմ պայքարում որպես ցամաքային բաղադրիչ, դաշնակից հանդես են գալիս քրդերը: … Միացյալ Նահանգները չի կարող հրաժարվել քրդական գործոնից, քարդական աջակցությունից»:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Ռուսաստանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն ստորագրել էին Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։ 

Այս գհամագործակցության բովանդակությանը Razm.info-ի հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել էին արաբագետ Սարգիս Գրիգորյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

2 responses to “Թուրքիան ու Ռուսաստանը առաջին համատեղ գործողությունն են իրականացրել Սիրիայում

  1. Pingback: Ռուսաստանը հայտնում է Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ գործողությունների մասին | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանի ու Թուրքիայի օդուժը հերթական ավիահարվածն են հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *