«Ահրար ալ-Շամ» խմբավորումը հրաժարվել է մասնակցել Աստանայի բանակցություններին

Սիրիայում գործող «Ահրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորումը հրաժարվել է մասնակցել Ղազախստանի մայրաքաղաքում սիրիական հակամարտության շուրջ առաջիկա բանակցություններին: Խմբավորումը դժգոհում է, որ «հրադադարը չի պահպանվում»:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով արաբական Enab Baladi լրատվակայքից ստացած տեղեկությունը:

Սիրիական խմբավորումը նաև դժգոհում է այն փաստից, որ «Ռուսաստանը հանդես է գալիս որպես սիրիական հակամարտության լուծման երաշխավոր»: առավել վաղ այս խմբավորումը Թուրքիայում անցկացված խորհրդատվական հանդիպումներում համաձայնել էր ներգրավվել 28 ընդդիմադիր զինյալ խմբավորումների միասնական պատվիրակությունում:

Հիշեցնենք, որ առավել վաղ Razm.info-ի հետ զրույցում անդրադառնալով Աստանայի բանակցություններում հենց այս խմբավորման հնարավոր մասնակցությանը՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշել էր.

«… Հիմա Ահրար ալ-Շամին փորձում են տեսնել բանակցային սեղանի շուրջ: Ըստ էության Ահրար ալ-Շամը կարծես դուրս է եկել ահաբեկչական պիտակավորմամբ խմբավորումների շարքից: Ակնհայտ է, որ դա իրոք իսլամական ծայրահեղ կառույց է, ու նույնիսկ եթե դուրս է գալիս այդ բնորոշումից, չի դադարում լինել ահաբեկչական…»

Բանակցությունները նախատեսված է անցկացնել հունվարի 23-ին:  Բացի Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, ինչպես նաև ընդդիմադիր զինյալ խմբավորումներից, ներկայացված կլինի նաև սիրիական կառավարությունը: Սակայն հիմնական համակարգումն իրականացնելու են Թուրքիան և Ռուսաստանը:

Հունվարի 13-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև ՄԱԿ-ին, Միացյալ Նահանգներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *