Թուրքիան հայտնում է Սիրիայում «Իսլամական պետության» զինյալներ սպանելու մասին

Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ շարունակվող մարտերում թուրք զինծառայողները հունվարի 17-ին սպանել են ԻՊ 17 զինյալ:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ հայտարարությւոնը փոխանցում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ իսլամիստական կառույցի անդամները սպանվել են սիրիական Ալ-Բաբ քաղաքի շրջանում թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով:

Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի կեսերից Թուրքիայի զինուժը մարտեր է մղում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքը նվաճելու համար, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին բնակավայրն է և այդ երկրի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից կարևոր ռազմավարական դիրք ունի։

Թուրքական կողմի համար Ալ-Բաբը հատկապես կարևոր է, քանի որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միջև ճանապարհը: Սակայն թուրքական զինուժի գործողությունները սպասվածից դանդաղ են ընթանում: Ավելին՝ թուրքական կողմը ևս մեծ թվով կորուստներ է արդեն ունեցել նշված հատվածում:

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին: Այսպիսով կարելի է պնդել, Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *