Իրաքի կառավարական բանակը ամրապնդում է դիրքերը Տիգրիս գետի շրջանում. քարտեզ

Հունվարի 15-ին երկու օր տևած մարտերից հետո Իրաքի կառավարական բանակը ամբողջովին ազատագրել է Մոսուլ քաղաքի համալսարանի տարածքը: Համալսարանի տարածքը ականապատված է, կատարվում են ականազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնում է BBC լրատվակայքը:

Լրատվակայքը, հղում անելով Իրաքի պաշտոնական կառույցներին, հայտնում է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը համալսարանի լաբորատորիաները օգտագործել է քիմիական զենք արտադրելու նպատակով:

Ստորև քարտեզներում կարող եք տեսնել կողմերի վերահսկած տարածքների փոփոխությունը հունվարի 9-15 ժամանակահատվածում: Կարմիրով նշված է կառավարական ուժերի վերահսկած հատվածը, սևով՝ «Իսլամական պետությանը»:

Դեկտեմբերի վերջին Իրաքի կառավարական բանակն անցել էր Մոսուլի ազատագրման գործողության երկրորդ փուլին՝ խոշոր հարձակում իրականացնելով ԻՊ ձեռքում գտնվող քաղաքի հարավարևելյան մասում գտնվող 5 արվարձանի ուղղությամբ։ Ավելի ուշ` հունվարի 8-ին, Իրաքի բանակը հասավ Տիգրիս գետին:

Այս պահին կառավարական բանակի ձեռքում է Տիգրիս գետը հատող 5 կամուրջներից 3-ը, ինչպես նաև քաղաքի հարավային շրջանների մեծ մասը:

Մինչ այս՝ Մոսուլի գործողությունների ամբողջ ընթացքում, առաջին լուրջ առաջխաղացումը նոյեմբերի 1-ին էր՝ Մոսուլի ազատագրման գործողության 16-րդ օրը, երբ Իրաքի կառավարական զորքերը 2014-ից սկսած առաջին անգամ մուտք գործեցին բուն քաղաք։

«Իսլամական պետությունը» Իրաքի կառավարական բանակի դեմ օգտագործում է ականանետներ, հրթիռահրետանային զինտեխնիկա, ինչպես նաև մեծ քանակությամբ ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներով բեռնված մեքենաներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ից Իրաքի կառավարական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը: Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:

Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *