Airbus-ը Իրանին կմատակարարի պատվիրված 100 ինքնաթիռներից առաջինը

Հունվարի 12-ին եվրոպական Airbus ավիաընկերությունից Իրանը կստանա  պայմանագրով նախատեսված 100 մարդատար ինքնաթիռներից առաջինը (A-321)։ Այս մասին հայտարարել են  իրանական IranAir ավիաընկերության ներկայացուցիչները։ Հունվարի 8-ին փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Մատակարարվող A-321 օդանավը պատվիրված A-320 օդանավերի տարբերակներից է:

Եվս 7  միավոր ինքնաթիռ  ավիաընկերությունը կմատակարարի  մինչև իրանական օրացույցով տարեվերջ  (2017 թվականի մարտի 20)։

Ավելի վաղ՝ դեկտեմբերին, IranAir և  Airbus ավիաընկերությունները համաձայնության էին եկել Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ՝ պատվերից հանելով 12 միավոր  A380 ինքնաթիռները, ինչի արդյունքում գործարքի արժեքը չի գերազանցել 10 մլրդ դոլարը:

Ֆրանսիական A-320 քաղաքացիական ինքնաթիռ

Ֆրանսիական A-320 քաղաքացիական ինքնաթիռ

Ֆրանսիական Airbus ընկերության հետ 118 միավոր մարդատար ինքաթիռ (45 միավոր  A320, նույնքան A330, 16 միավոր A350, 12 միավոր A380) գնելու շուրջ Իրանը  պայմանավորվածություն էր ձեռք բերել 2016թ. հունվարի վերջին`Իրանի նախագահ  Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:

Հունիսին հայտնի դարձավ, որ  Իրանը մտադիր է  մարդատար ինքնաթիռներ գնել նաև ամերիկյան  Boeing ընկերությունից  (80 միավոր):  Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:

Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing  ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:

Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն  օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին  մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո  Իրանը 50 միավոր Boeing 737  և  30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին  համաձայնագիր ստորագրեց  Boeing ավիաընկերության հետ:

Ինքնաթիռներն Իրանին են մատակարարվելու 10 տարվա ընթացքում: Գործարքի արժեքը  շուրջ 17 մլրդ դոլար է:

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել նոր ինքնաթիռներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *