Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի հենակետերում

Իրաքի այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 8-ին եղել է նաև Իրաքի քրդական ինքնավարության Փեշմերգե զինված ուժերի հենակետերից մեկում, ծանոթացել զորքերի կառավարման կետի աշխատանքին։

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի վարչապետը մասնավորապես այցելել է Փեշմերգեի տեղակայման այն վայրը, որտեղից համակարգվում են Մոսուլը «Իսլամական պետությունից» ազատագրելու գործողության ընթացքում քրդական ուժերի գործողությունները։

Իրաքի քրդական ուժերի հրամանատար Ջեմալ Մուհամեդը Յըլդըրըմին տեղեկություններ է տրամադրել ԻՊ դեմ ործողությունների ընթացքից։ Նույն օրը Թուրքիայի վարչապետը վերադարձել է Թուրքիա։

Հիշեցենք, որ Յըլդըրըմի ղեկավարած պատվիրակությունը, այդ թվում՝ նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆքիրի Ըշըքը Իրաք էին այցելել հունվարի 7-ին։ Թուրքիայի վարչապետը հանդիպել էր Իրաքի գործընկերոջը, ինչպես նաև Իրաքի քրդերի ինքնավարության ղեկավարներին։

Մասնավորապես քրդերի հետ կողմերը քննարկել էին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ համատեղ պայքարին վերաբերող հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *