ԱՄՆ ԶՈւ․ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար կընդլայնվեն զորավարժությունները Եվրոպայում

Հունվարի 8-ին ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի «ագրեսիան զսպելու» համար մտադիր է մեծացնել Եվրոպայում իր զորավարժությունների մասշաբները և ավելի բարդացնել դրանք: Այս մասին հայտնել է ամերիկյան բանակի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ Թիմ Ռեյը, փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը: 

ԱՄՆ-ի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը

ԱՄՆ-ի զինծառայողները Rapid Trident – 2016 միջազգային զորավարժության բացմանը

«Սա Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարելուն, ԱՄՆ դաշնակից երկրների տարածքային ամբողջականությունը ապահովելուն ուղղված ջանքների մի մասն է»,-ասել է Թիմ Ռեյը:

Եվրոպայում ՆԱՏՕ զորավարժություններին մասնակցելու նպատակով Գերմանիայի հյուսիսարևմտյան Բրեմերխաֆեն քաղաքի ափ է ժամանել ԱՄՆ ԶՈւ շուրջ 2800 ռազմական տեխնիկա և մոտ 4000 զինծառայող: Ըստ նրա Գերմանիա ժամանած զինտեխնիկան զորավարժություններին ընդգրկվելիք տեխնիկայի մի մասն է:

Ամերիկյան հրամանատարը նաև հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում շեշտը դրվելու է օպերատիվ համագործակցության, հակահրթիռային պաշտպանության և ճգնաժամային իրավիճակներում արձագանքման վրա:

Նշենք, որ դեռևս 2015-ի հոկտեմբերին ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության հրապարակած զեկույցում նշվում է, որ առաջիկա 3-5 տարիների ընթացքում հրամանատարության առաջնահերթություններից մեկը «Ռուսաստանի ագրեսիան զսպելն է»:

Հիշեցնենք, որ 2016-ի մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը վերջին տարիների համեմատ 2016 թվականին մեծապես կավելանան «Ռուսաստանի ագրեսիայի» և Եվրոպային վրա հասած միգրացիոն ճգնաժամի պատճառով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *