Իրանում նշանակվել է բանակի ցամաքային զորքերի հրամանատարի նոր տեղակալ

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քիոմարս Հեյդարիի առաջարկով և բանակի հրամանատար Աթաոլլահ Սալեհիի հաստատումով բանակի  ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ է նշանակվել երկրորդ կարգի բրիգադային գեներալ Ամիր Նովզար Նեմաթին։ Այս մասին հունվարի 5-ին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի նոր տեղակալ , երկրորդ կարգի բրիգադային գեներալ Նովզար Նեմաթին

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարի նոր տեղակալ , երկրորդ կարգի բրիգադային գեներալ Նովզար Նեմաթին

Նեմաթին ամիսներ առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերին, Աթաոլլահ Սալեհիի հրամանով նշանակվել էր ցամաքային զորքերի համակարգող տեղակալի պաշտոնում։ Իսկ մինչ այդ նա 65-րդ օդադեսանտային բրիգադի հրամանատարն էր։

Հիշեցնենք, որ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը 2007 թվականից զբաղեցնում էր Քիոմարս Հեյդարին, ով 2016 թվականի նոյեմբերին նշանակվեց ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում։

Նշենք, որ 2016 թվականն աչքի ընկավ Իրանի բանակում և ԻՀՊԿ-ում այլ նշանակումներով ևս:

Հունիսին  Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով ԶՈւ ԳՇ պետ նշանակվեց գեներալ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ով այդ պաշտոնում փոխարինեց գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադիին: Այսպիսով, 1989 թվականից հետո առաջին անգամ այս պաշտոնին նշանակվեց նոր մարդ։

Մինչ այդ Բաղերին զբաղեցնում էր Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը: Բաղերիի փոխարեն հուլիսին ԶՈւ ԳՇ պետի տեղակալ նշանակվեց բրիգադային գեներալ Ամիր Սեյիդ Աբդոլռահիմ Մուսավին, որը 2008-ից բանակի հրամանատարի տեղակալն էր:

Նոյեմբերին Իրանի բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնում է նշանակվել բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը, ով  մինչ այդ Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատարն էր: Փուրդասթանի թափուր պաշտոնն է զբաղեցրել բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին, ով 2007 թվականից ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալն էր:

Դեկտեմբերին Բասիջ կազմավորման հրամանատարի պաշտոնը զբաղեցրեց բրիգադային գեներալ Ղոլամհոսեին Ղեիբփարվարը, որը մինչ այդ 11 տարի զբաղեցրել է Իրանի հարավային Ֆարս նահանգի ԻՀՊԿ հրամանատարի պաշտոնը, իսկ 2015-ից «Իմամ Հոսեին» ռազմաբազայի հրամանատարն էր:

Հեղինակավոր Al-Monitor կայքի վերլուծության համաձայն՝ մասնավորապես ԶՈւ ԳՇ պետի և Բասիջի ղեկավարների պաշտոններում նշանակվել են այնպիսի գեներալներ, որոնք թեև իրենց «գաղափարական արժանիքներով» զիջում են, բայց մարտական ու կազմակերպչական փորձով գերազանցում են նախորդներին։ Սրա նպատակն Իրանի համար ուժեղ պաշտպանական համակարգ և արդյունքում կանխատեսելի տեսանելի ապագա ունենալն է՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների համատեքստում:

One response to “Իրանում նշանակվել է բանակի ցամաքային զորքերի հրամանատարի նոր տեղակալ

  1. Pingback: Իրանում նշանակվել է ԻՀՊԿ հրամանատարի օպերատիվ գծով նոր տեղակալ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *