Թուրքիայի և Իրաքի վարչապետերը քննարկել են Իրաքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հարցը

Հունվարի 7-ին Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան և Իրաքը համաձայնություն են ձեռք բերել Մոսուլ քաղաքի մոտ տեղակայված «Բեշիքա» ռազմական ճամբարից Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների դուրս բերման մասին Իրաքի պահանջի վերաբերյալ: Հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: 

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

Իրաքի տարածքում տեղակայված թուրքական ստորաբաժանման զինծառայողներ և տանկեր

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկու երկրների համատեղ կոմյունիկեում, սակայն, համաձայնության մասին որևէ խոսք չկա, այլ նշվում է, որ կողմերը վերահաստատել են «Բեշիքա» ճամբարի՝ Իրաքին պատկանելու փաստը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև «Բեշիքա» ճամբարի հարցը: Նա նշել է, որ տարածաշրջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու համար կողմերը կարևոր քայլեր են ձեռնարկում և դրան համապատասխան «Բեշիքա» ճամբարի վերաբերյալ էլ կհասնեն  «բարեկամական լուծման»: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

«ԻՊ դեմ պայքարում Բեշիքայի մեր ստորաբաժանումները իրենց կարևոր ներդրումն են ունեցել: «Նինվեի պաշտպաններ» զորաջոկատները [հիմնականում Իրաքի սուննի թուրքմեններից կազմված ջոկատներ] մարզվել են ԻՊ դեմ պայքարում ներգրավելու համար, Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները նույնիկս անձամբ են պայքար մղել ԻՊ դեմ: Իրաքի տարածքային ամբողջականության վերաբերյալ մեր դիրքորոշում հայտնել ենք: Այս հարցում [Բեշիքայում Թուրքիայի ԶՈւ ներկայաության] Իրաքի կառավարության դիրքորոշումը մեզ համար ակնայտ է, այստեղ կարգավորման դեպքում անհրաժեշտ  ամեն ինչ կարվի»,-ասել է Յըլդըրըմը:

Կողմերը քննարկել են նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարը, Իրաքի Սինջար շրջանը PKK-ից «մաքրելու» հարցը: Յըլդըրըմը հայտնել է, որ Իրաքի կառավարական ուժերը և քրդական «Փեշմերգա» զորաջոկատները անհրաժեշտ ամեն ինչ կանեն Սինջարը ահաբեկչական խմբարումներից ազատագրելու համար:

Հունվարի 7-ին Իրաք այելության ընթցաքում Թուրքիաի վարչապետը հանդիպել է նաև Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին: Կողմերը քննարկել են ԻՊ, «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարը և վերահաստատել նրանց դեմ համատեղ պայքարի պատրաստակամությունը: Յըլդըրըմը հայտարարել է, որ ԻՊ-ն, PKK-ն և գյուլենականները միայն Թուրքիայի խնդիրը չեն, այլ ամբողջ տարածաշրջանի, Իրաքի և Սիրիայի խնդիրն են: Տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Դեռևս 2015-ի դեկտեմբերի 4-ին Թուրքիան շուրջ 150-հոգանոց գումարտակ է մտցրել Իրաքի հյուսիս՝ Բեշիքա բնակավայր, առանց Բաղդադի կարծիքը հարցնելու: Իրաքի իշխանությունները բազմիցս պահանջել են Իրաքի տարածքից դուրս բերել թուրքական զորքերը: 2016-ի նոյեմբերի 1-ին Իրաքի վարչապետը հայտարարել է, որ Իրաքը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ, բայց եթե առճակատում լինի, Իրաքը պատրաստ է դրան: Բայց Թուրքիայի զինուժը շարունակում է մնալ Իրաքում: Իսկ վերջին շրջանում Իրաքի իշխանությունները այլևս չեն բարձրացնում այս հարցը:

Մոսուլի գրավման գործողությունից: Նկարը՝ Ռոյթերս գործակալության:

Մոսուլի գրավման գործողությունից: Նկարը՝ Ռոյթերս գործակալության:

Դրանից բացի, հոկտեմբերի 17-ին Իրաքում Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ իր բանակը նույնպես մասնակցում է գործողությանը՝ հարվածներ հասցնելով «Իսլամական պետության» դիրքերին: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի խնդրանքով Բեշիքայի թուրքական զորախումբն իր զինտեխնիկայով աջակցում է Բեշիքան ԻՊ զինյալներից մաքրելու գործողությանը։ Թուրքիայի վարչապետի փոխանցմամբ՝ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի օդուժը կմասնակցի նաև բուն Մոսուլի ազատագրմանը, և այդ հարցը արդեն համաձայնեցվել է կողմերի հետ։ Սակայն հաջորդ օրը Իրաքի բանակի հրամանատարությունը հերքել է Թուրքիայի զինուժի որևէ տեսակի մասնակցությունը Մոսուլի ազատագրմանը։

4 responses to “Թուրքիայի և Իրաքի վարչապետերը քննարկել են Իրաքում Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումների հարցը

  1. Pingback: Թուրքիայի վարչապետը եղել է Իրաքյան քրդերի զինուժի հենակետերում | Ռազմ.info

  2. Pingback: Անկարան և Բաղդադը համաձայնության չեն եկել Իրաքից Թուրքիայի ԶՈւ դուրսբերման վերաբերյալ | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիան ինտենսիվացրել է ավիահարվածները PKK-ի դիրքերին՝ Իրաքի հյուսիսում | Ռազմ.info

  4. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *