Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 1-7 հունվարի, 2017

ՀԱՊԿ քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել • Ադրբեջանում մեկնարկել է ձմեռային զորակոչը • Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ավիաբազայում տեղի է ունեցել զինծառայողների համար նոր բնակելի շենքի բացման արարողությունը • Թուրքիայում զինված հարձակման արդյունքում սպանվել է առնվազն 40 մարդ • Թուրքիայի Իզմիր նահանգում պայթյուն է եղել դատարանի շենքի մոտակայքում • Թուրք-քրդական բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող • Թուրքիայում «արտակարգ դրությունը» ևս 3 ամսով երկարաձգվելու է • Սիրիայում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող • Մահացել է Սիրիայում վիրավորված Թուրքիայի ԶՈւ զինծառայողներից ևս մեկը • Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին • Իրանում սպանվել է ոստիկանության սահմանապահ զորքերի 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է  • Սիրիայից դուրս է բերվում Ռուսաստանի ԶՈւ խմբի մի մասը • Իրաքում զինված ուժերի ուղղաթիռ է ընկել • ԻՊ-ն հայտարարում է, թե երկու ինքնաթիռ է խոցել Սիրիայում

Բնակարանների հանձնում Ադրբեջանի զինծառայողներին • Պայթյուններ Թուրքիայում • ԻՊ կողմից ինքնաթիռների խոցում Սիրիայում

Բնակարանների հանձնում Ադրբեջանի զինծառայողներին • Պայթյուններ Թուրքիայում • ԻՊ կողմից ինքնաթիռների խոցում Սիրիայում

• 2017-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները Նիկոլայ Բորդյուժայի փոխարեն ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, որը քարտուղարի պարտականությունները կկատարի որպես ժամանակավոր պաշտոնակատար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Պատճառն այն է, որ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, իսկ ՀԱՊԿ գագաթաժողովում նոր քարտուղար չի նշանակվել (հարցի քննարկումը հետաձգվել է մինչև ապրիլ)։ Սեմերիկովը 2003-ից զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը: Հենց նույն ժամանակահատվածում էլ Բորդյուժան զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Ադրբեջան 

• Հունվարի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որը շարունակվելու է մինչև հունվարի 30-ը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը: Զորակոչվելու են 1999թ. ծնված Ադրբեջանի քաղաքացիները: Նշենք, որ Ադրբեջանում զորակոչվող անձնակազմը ծառայություն է անցնում ոչ միայն բանակում, այլև սահմանապահ զորքերում, ԱԻՆ-ում և այլն։

• Հունվարի 6-ին Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ռազմաբազայում տեղի է ունեցել զինծառայողների համար կառուցված բնակելի շենքի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Նրան ուղեկցել են Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և ՌՕՈւ հրամանատարը:

Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ավիաբազայում տեղի է ունեցել նոր բնակելի շենքի բացման արարողությունը:

Ադրբեջանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ավիաբազայում տեղի է ունեցել նոր բնակելի շենքի բացման արարողությունը:

Թուրքիա / Իրան

• Դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի Օրթաքյոյ շրջանում զինված անձը ներխուժել է գիշերային ակումբներից մեկը և սկսել է կրակել մարդկանց վրա: Հարձակման հետևանքով մահացել է 39 մարդ, 69 մարդ էլ վիրավորվել է, հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։ Մահացածներից 15-ը օտարերկրացի են: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարձակման արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի 2 քաղաքացի:

• Հունվարի 4-ին Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգի Բայրակլը գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկներով բեռնված մեքենա են պայթեցրել Իզմիրի դատարանի շենքի մոտակայքում, ինչի հետևանքով սպանվել է Թուրքիայի 1 ոստիկան և դատարանի 1 աշխատակից, վիրավորվել է առնվազն 7 մարդ, որից 3-ը՝ ոստիկան: Պայթյունից հետ Թուրքիայի ուժայինների և զինյալների միջև բախումներ են սկսել, արդյունքում սպանվել է 2 զինյալ: Այս մասին հայտնում է «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Պայթյուն Թուրքիայի Իզմիր նահանգում: 04.01.2017

Պայթյուն Թուրքիայի Իզմիր նահանգում: 04.01.2017

• Հունվարի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում էլ PKK-ի զինյալների դեմ ռազմական գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, ևս 4-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

• Հունվարի 3-ին Թուրքիայի խորհրդարանը որոշում է ընդունել երկրում հուլիսի 15-16-ը ռազմական հեղաշրջման փորձից հետո հաստատված «արտակարգ դրություն» հունվարի 19-ից սկսած ևս 3 ամսով երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը: Թուրքիայում «արտակարգ դրությունը» հայտարարվել է հուլիսի 21-ին, այնուհետև 3 ամսով երկարաձգվել է հոկտեմբերի 11-ին:

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

• Հունվարի 4-ին Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների շրջանակներում Հալեպից հյուսիս՝ Ալ-Բաբ բնակավայրի մոտ, Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիաի ԶՈւ 2 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: Հունվարի 6-ին էլ հիվանդանոցում մահացել է Թուրքիայի զինուժի՝ դեկտեմբերի 21-ին Ալ-Բաբի մոտակայքում վիրավորված ևս մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

• Հունվարի 2-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից 10 միավոր «Ֆըրթընա» հաուբից, զրահափոխադրիչներ, զինվորական մեքենաներ և մի խումբ անձնակազմ է ուղարկել նույն գավառի՝ անմիջապես Սիրիային սահմանակից Օղուզելի և Քարքամըշ գավառներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր Թյուրք» լրատվակայքը:

• Հունվարի 6-ին Իրանի Սիսթան և Բելուջիսթան նահանգում տեղակայված ոստիկանության ուժերի սահմանապահ ստորաբաժանումները կանխել են զինված խմբի մուտքը Իրան: Ուժայինների և զինված խմբի միջև բախումներում զոհվել է Իրանի ոստիկանության սահմանապահ զորքերի 1 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել է: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը: Իրանական մեկ այլ «Ֆարս» գործակալության տվյալների համաձայն՝ վիրավորվել է 5 սահմանապահ:

Սիրիա / Իրաք

• Հունվարի 6-ին Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով ՌԴ ՊՆ-ն սկսում է նվազեցնել Սիրիայում ԶՈւ զորախումբը: Առաջինը հեռանալու են Միջերկրական ծովում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը, «Պյոտր Մեծ» հածանավը և նրանց ուղեկցող նավերը:

• Հունվարի 4-ին Իրաքի հյուսիսային Բաիջի քաղաքի մոտակայքում ընկել է Իրաքի ռազմաօդային ուժերի ուղաթիռ, ինչի արդյունքում զոհվել է ուղղաթիռի անձնակազմից 4 մարդ: Հայտնում է Իրաքի քրդական ինքնավարության Rudaw գործակալությունը: Իրաքյան լրատվամիջոցների փոխանցմամբ ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական խնդիրն է եղել: ԻՊ-ն տեղեկություն է տարածել, որ Իրաքի ՌՕՈւ ուղղաթիռը իրենք են խոցել:

• Հունվարի 7-ին էլ «Իսլամական պետության» լրատուն տեսանյութ և տեղեկություն է տարածել, ըստ որոնց՝ ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի Դեյր Զորում 2 ինքնաթիռեն խոցել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *