Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին

2016 թվականին ընդունվեցին Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտը կարգավորող որոշումներ, նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի «ռազմարդյունաբերական գծով» տեղակալ, անցկացվեց առաջին ռազմարդյունաբերական ցուցահանդեսը:

Կարող է տպավորություն ստեղծվել, որ ռազմարդյունաբերության ոլորտում ակտիվ գործունեությունը սկսվեց Ապրիլյան պատերազմից հետո։ Սակայն աշխատանքները սկսվել էին շատ ավելի վաղ, իսկ Ապրիլյան պատերազմի փորձն աշխատանքի ուղղությունների որոշակի շտկումներ բերեց։

Այսպես, 2015-ին Հայաստանի «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո՝ 2015-ի վերջում Հայաստանի նախագահի հրամանագրով հաստատվեց նաև Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և հանձնաժողովի կազմը:

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը

ArmHiTec-2016 ցուցահանդեսին հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքը

 

ՀՀ պաշտպանության նախարարի նոր տեղակալի պաշտոնի ստեղծում

Արդեն ստեղծված իրավական հիմքի վրա 2016թ. հունիսի 2-ին ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Փախչանյանը, ով մինչ այդ գործարար էր Ռուսաստանում ու պաշտպանական ոլորտից չէր, նշանակվում է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ — ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Նորանշանակ փոխնախարարն իր առաջին հարցազրույցի ժամանակ հայտարարում է, որ Հայաստանի արտադրական հնարավորությունները գնահատելու խնդիր կա. պետք է հստակեցնել, թե որ զինատեսակներն են արտադրվելու Հայաստանում և որոնք են ներկրվելու արտասահմանից: (Այս խնդիրների վերաբերյալ անելիքներն ի վերջո ամփոփվում են համապատասխան ռազմավարությունում, որի մասին կխոսենք ստորև):

Նոր արտադրամասի կարմիր ժապավենը կտրում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը

Նոր արտադրամասի կարմիր ժապավենը կտրում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը

Երկու շաբաթ անց՝ հունիսի 17-ին, Դավիթ Փախչանյանը նշանակվում է նաև ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարի պաշտոնում: Նույն օրն անցկացվում է կառավարությանը կից հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ առաջին անգամ ներկայացվում է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:

 

ArmHiTec-2016 առաջին ռազմարդյունաբերական ցուցահանդեսը

Հոկտեմբերի 13-15-ին Երևանում առաջին անգամ անցկացվում է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 ցուցահանդեսը: Հայկական ընկերություններից բացի, ցուցահանդեսին մասնակցում էր ավելի քան 30 ձեռնարկություն Ռուսաստանից, Լեհաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ղազախստանից և ԱՄՆ-ից։ Ցուցահանդես այցելեցին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ երկրների պաշտպանության և ԱԳ նախարարները և այլ բարձրաստիճան հյուրեր։

ՀՀ նախագահին ներկայացնում են հայկական Aspar Arms ընկերության արտադրանքը

ՀՀ նախագահին ներկայացնում են հայկական Aspar Arms ընկերության արտադրանքը

Այս ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ հայտարարվում է, որ հայկական ընկերություններից մեկը ՀՀ ՊՆ պատվերով հարվածային (մահապարտ) ԱԹՍ է նախագծել, որն արդեն փորձարկվում է: Ցուցահանդեսին ներկայացված էին նաև այլ անօդաչու թռչող սարքեր, սահմանի մոնիտորինգի համակարգ ու եռաչափ թվային քարտեզ, որը հնարավորություն է տալիս տեսնել տվյալ տեղանքի ռազմական նշանակության բոլոր տեղեկությունները, զրահատեխնիկայի ջերմաքողարկիչ ցանցեր ու զրահաբաճկոններ, արդիականացված հրազեն, օպտիկական սարքեր, Ապրիլյան պատերազմին թշնամու կապը խլացրած ՌԷՊ կայաններ և այլն:

Թեև ցուցահանդեսի նախապատրաստման մասին մանրամասներ հայտնվեցին հուլիսին, սակայն ակնհայտ է, որ դրա կազմակերպչական աշխատանքները սկսվել են շատ ավելի վաղ. դեռևս փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել էր ցուցահանդեսային կենտրոն ու ծանոթացել կատարված աշխատանքներին: Դրանից բացի, հայկական ընկերություններից մի քանիսն էլ սեպտեմբերին մասնակցել էին Ռուսաստանում անցկացված «Բանակ-2016» ցուցահանդեսին:

Հաջորդ АrmHiTec ցուցահանդեսը կանցկացվի 2018 թվականին:

Ցուցահանդեսով շատ հետաքրքրված էին նաև դպրոցականները

Ցուցահանդեսով շատ հետաքրքրված էին նաև դպրոցականները

 

Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարություն

Ինչպես վերը նշվեց, դեռևս 2016թ. հունիսից աշխատանքներ էին տարվում ռազմարդյունաբերական ոլորտի անելիքները մեկ ռազմավարության մեջ ամփոփելու համար: Հունիսի 17-ին Հայաստանի ռազմարդյունաբերական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարում է փաստաթուղթը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ:

Նոր քննարկումներին զուգահեռ ՀՀ կառավարությունը սեպտեմբեր-հոկտեմբերին ընդունում է մի քանի այլ փաստաթղթեր, որոնցով որոշվում է ստեղծել ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունների ռեեստր, սահմանվում են ռազմարդյունաբերական ոլորտին ՀՀ պետական աջակցության առաջնահերթությունները, հաստատվում է ՀՀ ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը:

Արդեն դեկտեմբերի 2-ին ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովը հավանություն է տալիս «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագծին: Դեկտեմբերի 22-ին էլ կառավարությունն ընդունում է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի կարգադրության նախագիծը, որի հավելվածում շարադրված է ՀՀ ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական ռազմավարությունը։

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի հերթական նիստը

Ռազմավարության համաձայն՝ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական քաղաքականության ռազմավարությունը հիմնվում է մինչև 2015թ. ընկած ժամանակաշրջանում ՀՀ ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերած արդյունքների, ինչպես նաև 2016թ. ապրիլյան պատերազմի փաստերի վերլուծության վրա:

Ռազմավարության մեջ սահմանված են նաև դրա նպատակները, սկզբունքները, հիմնական խնդիրները և այլն:

Մինչև 2020թ. ՀՀ ռազմատեխնիկական քաղաքականության գերակա ուղղություններն են.

  • սպառազինության և ռազմատեխնիկական ունեցվածքի նո­րո­­­գում, արդիակա­նա­ց­­ում,
  • նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի և ռազ­մա­տեխնիկական ունեցվածքի ստեղծում և արտա­դրում, դրանք են՝
    1. հրաձգային զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական ունեցվածքի, թեթև սպառազինություն, հրետանային միջոցներ, սպառազինության և ռազմական տեխնիկայիև ռազմատեխնիկական ունեցվածքի բազային և հատուկ մասեր
    2. լազերային, օպտիկաէլեկտրոնային, ռադիոէլեկտրոնային և ռադիոլոկացիոն սպառազինություն,
    3. անօդաչու թռչող սարքեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր և դրանց հակազդման միջոցներ,
    4. հետախուզության տեխնիկական միջոցներ,
    5. կապի տեխնիկական միջոցներ,
    6. նավարկային միջոցներ,
    7. ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ,
    8. քիմիական և կենսաբանական պաշտպանական միջոցներ:
  • հրթիռաշինության զարգացում,
  • ավտոմատացված կառավարման համա­կարգերի ստեղծում:

Մինչև 2020թ. ՀՀ ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղություններն են

  • մետաղամշակող կենտրոնների և ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային պարկի ստեղծում,
  • ռադիոէլեկտրոնային սարքավորումների և դետալների հավաքման արտադրության ստեղծում,
  • պայթուցիկ նյութերի` հեքսոգենի, օկտոգենի ու վառելիքային նյութերի համաձուլվածքների արտադրության ստեղծում, ինչպես նաև կոմպոզիցիոն նյութերի տեխնոլոգիաների յուրացում,
  • բարձր, գիտատարողունակ և մրցունակ տեխնոլոգիաների յուրացում, նոր մշակումների և արտադրությունների կազմակերպում:

ՀՀ ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականության գերակա ուղղությունները կարող են փոփոխվել ռազ­մա­քաղաքական իրավիճակից ելնելով:

Նախագահի կարգադրության նախագծի համաձայն՝ կարգադրության ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը եռմասյա ժամկետում պետք է մշակի և հաստատի ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր:

One response to “Հայաստանի ռազմարդյունաբերության կարևորագույն իրադարձությունները 2016-ին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8 – 14 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *