Պուտին. Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ Սիրիայում հրադադար է հաստատվում

Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Առայժմ հրադադարի հաստատման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:

Հրադադար հաստատելու մասին դեկտեմբերի 29-ին հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կկրճատի իր ռազմական ներկայությունը Սիրիայում։

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Համաձայնությանը միացել են Սիրիայի հյուսիսային և կենտրոնական շրջանների ավել քան 60հազար զինյալ։ Ըստ Reuters գործակալության՝«Ահրար աշ-Շամ» խմբավորումը չի ստորագրել համաձայնագիրը։ Ավելի վաղ, սակայն,  ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած ցուցակում ի թիվս «Ջեյշ ալ Իսլամ», « Ջեյշ ալ Մուջահիդին», « Ջեյշ Իդլիբ», «Ֆեյլակ աշ Շամ», « Ալ Ջաբհաթ ալ Շամիա», «Սուվար Շամմ» խմբավորումների՝ նշվում էր նաև «Ահրար Աշ Շամը»։

Հրադադարը չի տարածվելու «Իսլամական պետություն» , «Ջեբհաթ ան Նուսրա»  ահաբեկչական խմբավորումների վրա, ինչպես նաև այն խմբավորումների, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։

Այն խմբավորումները, որոնք չեն դադարեցնի ռազմական գործողությունները, կհամարվեն ահաբեկչական և նրանց դեմ կսկսեն գործել այնպես, ինչպես ԻՊ և «Ջեբհանթ ան -Նուսրայի» դեմ, -հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նշենք նաև, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակ քննարկում կանցկացնի Սիրիայի ամբողջ տարածքում հրադադրի ռեժիմ հաստատելու շուրջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին, թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են հասել Սիրիայի ամբողջ տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերվանից միջև հրադադարի հաստատման նախագծի շուրջ: Իսկ ավելի ուշ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի ձեռք բերած պայմանավորվածությունը ամեն պահ կարող է գործի դրվել: Նա նաև նշել է, որ կողմերը մոտ են Սիրիայում կայուն հրադադարի և քաղաքական կարգավորմանը հասնելուն:

Հրադադարի հաջող գործարկման պարագայում պաշտոնական Մոսկվայի և Անկարայի հովանավորությամբ, Սիրիայի իշխանությունները և ընդդմադիրները կսկսեն բանակցությունները Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:

Անդրադառնալով Ղազախստանում Սիրիայի ճգնաժամի շուրջ սպասվելիք հանդիպմանը Չավուշօղլուն նշել է, որ թուրքական կողմի բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Հիշեցնենք, որ տարվա ընթացքում  Սիրիայում հրադադար հաստատելու մի քանի փորձեր են եղել ՝մասնավորապես փետրվարին և սեպտեմբերին հրադադար հաստատելու փորձ արեցին Ռուսաստանը և ԱՄՆ-ն, իսկ հոկտեմբերին և նոյեմբերին  հումանիտար դադար հաստատելու փորձեր եղան, սակայն ահաբեկիչները հայտարարված և ոչ մի հրադադար չեն պահպանել, ինչ արդյունքում դրանք դադարեցվել են։