ԱՄՆ գլխավորած կոալիցիան չի աջակցում Սիրիայում Թուրքիայի զինուժին. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ զենք է տրամադրում Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Միաժամանակ Չավուշօղլուն հայտնել է, որ երկար ժամանակ է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդուժը աջակցություն ցույց չի տալիս Սիրիայում Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությանը:

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր

Անդրադառնալով Ղազախստանում Սիրիայի ճգնաժամի շուրջ սպասվելիք հանդիպմանը Չավուշօղլուն նշել է, որ թուրքական կողմի բանակցությունների սեղանի շուրջ չի նստելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Նշենք, որ Սիրիական ճգնաժամի խորացմանը զուգահեռ սրվել են նաև Թուրքիայի և ԱՄՆ հարաբերությունները: Նրանց միջև հիմնական հակասությունն այն է, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցույց տալիս PYD-ին և Սիրիայի քրդերին դիտարկում է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կռվող լուրջ ուժ, ինչը անհանագստացնում է թուրքական կողմին, որի բնորոշմամբ Սիրիայի քրդական ուժերը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական թևն են և սպառնալիք են Թուրքիայի անվտանգության համար: Քրդերին աջակցելու համար թուրքական կողմը բազմիցս մեղադրել է ԱՄՆ-ին Թուրքիայի փոխարեն «ահաբեկչական կառույցներին» պաշտպանելու համար:

Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ ահաբեկչական կառույցներին, այդ թվում նաև ԻՊ-ին, PYD-ին և YPG-ին աջակցելու մեջ:

Մյուս կողմից վերջին շրջանում Սիրիայի ճգնաժամի հարցում որոշակի համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Դեկտեմբերի 28-ին թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են հասել Սիրիայի ամբողջ տարածքում դեկտեմբերի 29-ի գիշերվանից միջև հրադադարի հաստատման նախագծի շուրջ: Իսկ ավելի ուշ Չավուշօղլուն հայտնել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի ձեռք բերած պայմանավորվածությունը ամեն պահ կարող է գործի դրվել: Նա նաև նշել է, որ կողմերը մոտ են Սիրիայում կայուն հրադադարի և քաղաքական կարգավորմանը հասնելուն:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը:

2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին: Այժմ Թուրքիան մարտեր է մղում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքը նվաճելու համար, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին բնակավայրն է և այդ երկրի հյուսիսում կարևոր ռազմավարական դիրք ունի կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից: Թուրքական կողմի համար Ալ-Բաբը կարևոր է, քանի որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միջև ճանապարհը:

Այսպիսով կարելի է պնդել, Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:

One response to “ԱՄՆ գլխավորած կոալիցիան չի աջակցում Սիրիայում Թուրքիայի զինուժին. Չավուշօղլու

  1. Pingback: ԱՄՆ օդուժը հարվածել թուրքական զինուժի հետ կռվող ԻՊ ստորաբաժանումների դիրքերին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *