[Լրացված] Դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիայի պատճառով ՀՀ ԶՈւ-ն ունի 3 կորուստ

Հայաստանի զինված ուժերի երեք զինծառայող, այդ թվում՝ մեկ սպա, զոհվել է դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի բանակի՝ Չինարիի ուղղությամբ կատարված դիվերսիայի փորձի ժամանակ։ Այս Razm.info-ի հետ զրույցում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմի մոտ է մնացել թշնամու զինծառայողներից մեկի դիակը։

ՀՀ ՊՆ կայքը տեղեկացնում է, որ ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Ավեի վաղ կորուստների մասին, առանց զինծառայողների անունները նշելու, հայտնել էր Lragir.am կայքը՝ հղում անելով ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ խոսնակը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ է իրականացրել Չինարիի հարավ-արևելքում, ինչից հետո մարտ է սկսվել դիպուկահարների և նռնականետների օգտագործմամբ։

[Լրացում] Նույն օրը՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով պետությունների և ժողովուրդների խաղաղ գոյատևմանն ուղղված միջազգային իրավունքի նորմերը, ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գոտու` Չինար գյուղից դեպի հարավ-արևելք պետական սահմանի հատվածի պահպանությունն իրականացնող ՀՀ զինված ուժերի մարտական հենակետերը գրավելու նպատակով,  2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, խախտելով  ՀՀ տարածքային ամբողջականությունը, ՀՀ նկատմամբ կատարելով «ագրեսիայի ակտ», ներխուժել են ՀՀ տարածք, ծավալելով ռազմական գործողություններ, սանձազերծելով ագրեսիվ պատերազմ՝ զինված հարձակում են գործել ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանությանը հանձնված մարտական հենակետերից մեկի անձնակազմի նկատմամբ։

Ազգային և կրոնական ատելության շարժառիթով զուգորդված՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել են նույն զորամասի զինծառայողներ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էրիկ Գարիկի Աբովյանը և Էդգար Գրիգորի Նարոյանը, որից հետո, հանդիպելով մարտական հենակետի և օգնության հասած ստորաբաժանումների դիմադրությանը, նահանջել են:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդված 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

One response to “[Լրացված] Դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիայի պատճառով ՀՀ ԶՈւ-ն ունի 3 կորուստ

  1. Pingback: ՀՀ ԶՈւ պատժիչ գործողությունների արդյունքում սպանվել է հակառակորդի 4 զինծառայող. Ա. Հովհաննիսյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *