ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է երկրորդ անգամ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում անցկացված ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում չի նշանակվել ՀԱՊԿ նոր քարտուղար: Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գործող քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ArmHiTec-2016 ցուցահանդեսի բացման ժամանակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ArmHiTec-2016 ցուցահանդեսի բացման ժամանակ

Մինչ այս նախատեսված էր, որ հենց այս գագաթաժողովի ժամանակ է նշանակվելու ՀԱՊԿ նոր քարտուղարը, որ ներկայացնելու է Հայաստանը:

Պաշտոնյայի խոսքով՝ նոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև 2017-ի ապրիլ. այդ ժամանակ կգումարվի ՀԱՊԿ նոր գագաթաժողով և կլուծվի նաև նոր քարտուղարի նշանակման հարցը:

Հետաձգման պատճառը եղել է քվորումի բացակայությունը, նշել է Բորդյուժան՝ հիշեցնելով, որ գագաթաժողովին չի մասնակցել ՀԱՊԿ պետությունների մեկի նախագահը: (Բացակայել է Բելառուսի նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոն — խմբ):

Ավելացնենք, որ դեռևս 2015-ի սեպտեմբերին անցկացված գագաթաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները որոշել էին, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը լինելու է Հայաստանի ներկայացուցիչը, քանի որ պաշտոնը ռոտացիայով ղեկավարելու են կազմակերպության անդամ բոլոր պետությունները:

Արդեն 2016թ. հոկտեմբերին՝ Երևանում անցկացված ՀԱՊԿ նախորդ գագաթաժողովի ժամանակ, սակայն, կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվեց: Այդ ժամանակ որպես պատճառ նշվեց կազմակերպության անդամ պետություններից մեկի ղեկավարի բացակայությունը (գագաթաժողովին ներկա չէր Ղազախստանի նախագահը՝ հիվանդության պատճառաբանությամբ):

Ավելի ուշ՝ նոյեմբերին, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ նշանակումը չի եղել, քանի որ Հայաստանի առաջարկած թեկնածուի վերաբերյալ կոնսենսուս չի եղել: Քոչարյանը հայտարարեց.

«Երևանում կայացած համաժողովին չեղավ կոնսեսուսային համաձայնություն մեր թեկնածուի շուրջ, այդ պատճառով դա հետաձգվեց մինչև դեկտեմբեր: Լինելու է հատուկ այդ նպատակով հրավիրված նիստ և մենք մեր թեկնածության վրա պնդելու ենք»:

One response to “ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է երկրորդ անգամ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 1-7 հունվարի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *