Թուրքիայի օդուժը ընդունում է նախկինում հեռացված սպաների, այդ թվում՝ քաղավիացիայից

Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է նախկինում թուրքական օդուժից հեռացված օդաչուներին ընդունելու մրցույթ: Մասնակցել կարող են 2016 թ. հոկտեմբերի 29-ից առաջ հեռացվածները, ինչպես նաև առևտրական կամ բեռնատար ինքնաթիռների օդաչու սպաները՝ համապատասխան պայմաններին բավարարելու դեպքում:

Մրցույթի կանոնները հրապարակված են Թուքրիայի պաշտպանության նախարարության կայքում: Դիմումներն ընդունվելու են դեկտեմբերի 24-ից մինչև 2017 թ. հունվարի 6-ը:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալում են խռովարար զինվորականներին

Հայտարարությունում առանձին կետով ընդգծված է, որ չեն կարող դիմել այն նախկին օդաչուները, որոնք կամ նրանց ընտանիքի անդամները ուղղակի կամ անուղղակի կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական ճանաչված կառույցների հետ: Մասնավորապես խոսքը «Իսլամական պետության», «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» կառույցի և ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների մասին է:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքական զինուժից մեծ թվով զինվորականներ հեռացվեցին, այդ թվում՝ ռազմաօդային ուժերից: Սակայն վերջիններս համարվում են հենց «գյուլենականներ», և օրենքով արդեն սահմանափակվել է թուրքական զինուժում ծառայելու նրանց հետագա իրավունքը:

Որպեսզի ավելի հասկանալի լինի թուրքական օդուժում ստեղծված իրավիճակը՝ նշենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև նոյեմբեր միայն Թուրքիայի զինված ուժերից հեռացվել էր մոտ 20 հազար մարդ մարդ:

Խոսելով ռազմաօդային ուժերում առաջացած օդաչուների պակասի մասին՝ դեռևս նոյեմբերին թուրքագետ Լ. Հովսեփյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ անհավասարակշռություն է ստեղծվել ռազմաօդային ուժերում եղած տեխնիկայի և ռազմական օդաչուների միջև, որոնք ներկայում պահանջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս են:

Սակայն նոյեմբերի վերջին թուրքական զինուժից հեռացվեց կրկին 300 օդաչու:

Ամենայն հավանականությամբ թուրքական օդուժը նախատեսվում է համալրել նախորդ տարիներին հեռացած և հեռացված օդաչուներով: Մասնավորապես մինչև 2014 թ.  ևս մեծ թվով օդաչուներ են լքել թուրքական օդուժը՝ դժգոհ լինելով առկա պայմաններից, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով։ Որոշ զինվորականներ նախկինում հեռացվում էին նաև իսլամական գաղափարների համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *