Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել անմիջապես Սիրիայի հետ սահմանին

Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի ԶՈւ-ն երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից տանկեր և այլ զինտեխնիկա է տեղափոխել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Թուրքիայի ԶՈւ-ն տանկերի և «Ֆըրթընա» հաուբիցների հերթական խումբն է տեղակայել Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումներում:

Թուրքիայի ԶՈւ-ն տանկերի և «Ֆըրթընա» հաուբիցների հերթական խումբն է տեղակայել Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումներում:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Անմիջապես Սիրիայի հետ սահման է ուղարկվել 10 միավոր «Ֆըրթընա» հաուբից, զրահափոխադրիչներ, տանկերից կազմված շարասյուն և անձնակազմ: Աղբյուրը հայտնում է նաև, որ զինտեխնիկան և անձնակազմը արդեն հասել են տեղակայման վայր:

Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը մեծացնում է Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներում իր զինտեխնիկան:

Դեռևս դեկտեմբերի 9-10-ին նույն գնդի հրամանատարությունից 45 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկվել անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:

Նշենք, որ 106-րդ հրետանային գունդը ընդգրկված է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի 6-րդ կորպուսի կազմում: 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 300 զինծառայող ուղարկվել է թուրք-սիրիական սահման՝ Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: