Սիրիայում սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 16-ի

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին Սիրիայի Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում ընթացող մարտերում Թուրքիայի ԶՈւ սպանված զինծառայողների թիվը հասել է 16-ի: Փոխանցում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը: 

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում

Թուրքիայի ԶՈւ տանկերը Սիրիայի տարածքում

Նույն օրվա մարտերի մասին թուրքական կողմն ավելի վաղ հայտարարել էր, թե «Իսլամական պետությունը» կորցրել է 60-ից ավելի զինյալ: ԻՊ լրատուն իր հերթին հայտարարել էր, թե մարտերի ընթացքում թուրքական կողմը տվել է 70 սպանված զինծառայող:

Այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև հայտնել է, որ «Եփրատի վահան» գործողության մեկնարկից ի վեր՝ օգոստոսի 24-ից, Թուրքիայի զինուժը Սիրիայում «շարքից հանել է» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 1005 զինյալի:

Թուրքական պետական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 22-ին Ալ-Բաբում ԻՊ զինյալների դիրքերին Թուրքիայի օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել է 90 թիրախ և սպանվել 67 զինյալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին սիրիական Ալ-Բաբ քաղաքի տարածքում ընթացող մարտերում սպանվել է թուրքական զինուժի 14 զինծառայող և վիրավորվել է ևս 33-ը:

Ըստ Razm.info-ի տվյալների՝ օգոստոսի 24-ից Սիրիայում շարունակվող թուրքական զինուժի գործողությունների ընթացքում թուրքական զինուժը ունեցել է 32 կորուստ: Թուրքիական մի քանի աղբյուրի հայտնում են 37 կորուստի մասին (1, 2): Թուրքիայի կորուստները ներկայացված են ինտերակտիվ ժամանակագրությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:

Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: