Ավարտվել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողների պլանային փոխարինումները

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայում ավարտվել են զորակոչվող զինծառայողների պլանային փոխարինումները։ Ռոտացիան տևել է 2,5 ամիս։ Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։

Պլանային փոփոխությունների պատճառով ռազմաբազայի անձնակազմի թվի փոփոխություն չի եղել։

Ռազմական ուսումնական կենտրոններից և ՌԴ տարբեր շրջանների զորամիավորումներից զինծառայողները ռազմաբազա են տեղափոխվել քաղաքացիական ավիացիայի 100֊ից ավելի չվերթներով։

Նշենք, որ ռոտացիայի մեկնարկի մասին ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը հայտնել էր նոյեմբերի 1-ին։ Նախատեսվում էր, որ այս տարի փոխարինվելու է զորակոչային ծառայություն անցած 1500 զինծառայող։

Ավելացնենք, որ 2015թ. հունվարին` 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում ընտանիքի 6 անդամներին սպանելու հաջորդ օրը, ռուսաստանյան Gazeta.ru լրատվակայքը, հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարությունում քննարկում են արտերկրում գտնվող ՌԴ ԶՈւ ռազմաբազաները միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը։

Սակայն մի քանի օր անց մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց՝ Interfax գործակալությունը, նույնպես հղում անելով ՌԴ ՊՆ իր աղբյուրներին, հայտնեց, որ օտարերկրյա ռազմաբազաներում միայն պայմանագրային զինծառայողներ տեղակայելը վաղուց է որոշվել ու կապված չէ Գյումրիում կատարվածի հետ: Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրայիններով համալրելու ծրագիրը նախատեսված է ավարտել 2016 թ. գարնանը:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան տեղակայված է 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի կազմում: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն է ստորագրվել, որով ռազմաբազայի տեղակայումը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *