Ռուսաստանի ռազմարդյունաբերության համակարգողն այցելել է Ադրբեջան

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ռուսաստանի փոխվարչապետ, ռազմարդյունաբերական կոմիտեի քարտուղար Դմիտրի Ռոգոզինը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և փոխվարչապետ Յագուբ Էյուբովին, ով կարգավորում է ռազմարդյունաբերական ոլորտը:

Ռուսաստանի փոխվարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բաքվում

Ռուսաստանի փոխվարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բաքվում

Ադրբեջանի նախագահի կայքի հաղորդագրության մեջ հիմնականում նշվում է հանդիպման արարողակարգային մասը, թեև հանդիպման նախօրեին ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև ռազմատեխնիկական հարաբերությունների վերաբերող հարցեր:

Ռուսաստանյան «ՏԱՍՍ» և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունների տվյալներով՝ հանդիպմանը Ռոգոզինը հայտարարել է.

«Մենք շատ ժամանակ ծախսեցինք բանակցությունների վրա, [օրակարգից] հանեցինք մի շարք հարցեր, որոնք բարդ քննարկումներ էին հարուցում»:

Ինքը՝ Ռոգոզինը, հանդիպումների մասին գրել է, որ դրանք վերաբերում են առևտրատնտեսական թեմաներին:

Մինչ այս՝ դեկտեմբերի 15-ին, «Կոմերսանտի» հրապարակած հոդվածում նշվում էր, որ հանդիպումների ընթացքում քննարկվելու են սպառազինության մատակարարումների հարցեր: Ռոգոզինը Բաքվում ներկայացնելու է նաև Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ Մոսկվայի պարզաբանումը, քանի որ Ադրբեջանում խիստ բացասաբար են արձագանքել Ռուսաստանի այս քայլին:

Հանդիպումից ու բանակցություններից հետո, սակայն, այս հարցերի վերաբերյալ հրապարակումներ չեն եղել:

Ավելացնենք, որ Ռուսաստանի պաշտոնյան այս տարի արդեն երրորդ անգամ է այցելում Բաքու: Այցերից մեկի ժամանակ՝ մարտին, քննարկվել են Ադրբեջանին տրամադրվող սպառազինության դիմաց վճարումների ուշացումները:

Այն ժամանակ նշվում էր, որ Ադրբեջանին մնացել է մատակարարել «որոշ քանակի տանկեր, հետևակի զրահամեքենաներ և մի քանի տեսակի հրետանային միջոցներ»:

Բաքու այցից և Ադրբեջանի նախագահին հանդիպելուց հետո՝ մարտի 3-ին, Դմիտրի Ռոգոզինը Թվիթերում գրել էր, որ «կողմերը հաստատեցին, որ պատասխանատու և հուսալի գործընկերներ են այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին ռազմատեխնիկական համագործակցությունն է»:

Երկրորդ այցից հետո՝ օգոստոսի 8-ին, Ռոգոզինը հայտնել էր, որ Ադրբեջանում կգործեն ինքնաթիռների հավաքման գործարան և ուղղաթիռների արդիականացման կենտրոն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *