[Լրացված] Զինծառայողների ապահովագրման հիմնադրամի մասին նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 2-րդ ընթերցմամբ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին նախագծային փաթեթը:

Առաջին ընթերցման ներկայացված տարբերակի համեմատությամբ՝ օրինագծում 1000 դրամ գումարը վճարելու պարտադիր բաղադրիչի որոշ բացառություններ են արվել: Այդ գումարները պարտադիր չի լինի այն ընտանիքների համար, որոնք ունեն ժամկետային զինծառայող, հաշմանդամ կամ զոհված զինծառայող:

Բացի այդ, նախագծով որոշակի հարկային արտոնություններ են սահմանվել հիմնադրամի համար, և այն չի վճարելու շահութահարկ: (Օրենքի լրամշակված տարբերակը՝ այստեղ):

Օրենքի ուժ ստանալու համար նախագիծն Ազգային ժողովում պիտի ընդունվի նաև երրորդ ընթերցմամբ և ստորագրվի նախագահի կողմից: Դրա գործունեությունը տարածվելու է 2017 թվականի հունվարի 28-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

[Լրացում] Դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովում նախագիծն ընդունվել է երրորդ ընթերցմամբ:

Հիշեցնենք, որ այս նախագծով կարգավորվելու են մարտական պայմաններում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցերը:

Նախագծով առաջարկվում է հատուցման գումարներ վճարել այն զինծառայողներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից.

  • Յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի կողմից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարներից.
  • Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայություններից օգտվող անձանց կողմից վճարվող վճարներից` յուրաքանչյուր ծառայության համար` համապատասխանաբար` 500 և 200 դրամ գումարի չափով.
  • Հատուկ այդ նպատակով թողարկված արժեթղթերի վաճառքից.
  • Հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից.
  • Վերը նշված աղբյուրներից հավաքագրված միջոցների կառավարման (ներդրման) արդյունքում ստացվող եկամուտներից:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում են նաև զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին տրվող գումարների չափերը:

Մահ և 1-ին կարգի հաշմանդամություն
  Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 10 միլիոն դրամ 300 հազար դրամ 72 միլիոն դրամ 82 միլիոն դրամ
Ենթասպա, շարքային (պայմանագրային) 10 միլիոն դրամ 250 հազար դրամ 60 միլիոն դրամ 70 միլիոն դրամ
Շարքային (պարտադիր զինծառայող) 10 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 58 միլիոն դրամ
2-րդ կարգի հաշմանդամություն
  Միանվագ հատուցում Ամսական հատուցում 20 տարվա ընթացքում Ամսական հատուցումների հանրագումար Ընդհանուր հատուցման գումար
Սպա 5 միլիոն դրամ 200 հազար դրամ 48 միլիոն դրամ 53 միլիոն դրամ
Ենթասպա, շարքային (պայմանագրային) 5 միլիոն դրամ 150 հազար դրամ 36 միլիոն դրամ 41 միլիոն դրամ
Շարքային (պարտադիր զինծառայող) 5 միլիոն դրամ 100 հազար դրամ 24 միլիոն դրամ 29 միլիոն դրամ
Բոլոր դեպքերում, եթե զինծառայողը ունի 3 կամ ավելի երեխա, ապա` ի լրումն վերը նշված գումարների, զինծառայողի ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի ևս 100 հազար դրամ:

Մինչ այդ զինծառայողներին և նրանց ընտանիքներին ապահովագրական վճարների տրամադրման, հիմնադրամի ստեղծման ծրագրի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 8-ին, ՀՀ նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումից:

Վիգեն Սարգսյանը նշել էր, որ այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ և շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *